Հայաստանը հրաժարվել է երկարաձգել ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը. կառավարությունն ավելի շահեկան է համարել ատոմակայանի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել իր ունեցած ֆինանսական միջոցների և բյուջետային վարկի միջոցով: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը՝ վստահեցնելով, որ որոշումը որևէ աղերս հայ-ռուսական հարաբերութունների հետ չունի:
Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար Ռուսաստանի հետ 270 միլիոն դոլարի վարկային միջոցների շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել: Եվս 30 միլիոն դոլար Ռուսաստանը տրամադրելու էր որպես դրամաշնորհ:
ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել էր, որ 270 մլն դոլար վակային միջոցից ու 30 մլն դրամաշնորհից 107 մլն-ը մնացել էր։ Այդ մնացորդի օգտագործման ժամկետն ավարտվել էր 2019-ի դեկտեմբերի 31-ին: Կառավարությունը որոշել է չերկարաձգել մնացորդի օգտագործման ժամկետը։
Նախարար Պապիկյանն ընդգծել է՝ հայ-ռուսական հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են, բայց կա վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր։ «Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են: Եվ այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան ենք համարել մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը», – ասել է Պապիկյանը:
Նախարարը նշել է, որ հիմնականում ատոմակայանի արդիականացման աշխատանքները «Ռոսատոմ» ընկերությունն է իրականացնում: Ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները պատշաճ կերպով կշարունակվեն: