Հնարավոր է կարիք լինի տանը մնալ երկար կամ հենց տանը մնալը դառնա ապրելու նոր ձեւ։ Վարակների տարածումը նվազեցնելու համար։ Հնարավոր է, որ այսուհետեւ նոր վարակներ տարածվեն մեկը մյուսի հետեւից։ Դրա համար պատճառներ կան։ Պատճառները կարող են ձեւավորվել նաեւ, երբ պետությունները որոշեն, որ ժամանակ առ ժամանակ վիճակագրությունների մեթոդները փոխելու մեծ ռեսուրսներ չկան։
Տանը մնալը ենթադրում է, որ սկսվում են փոխվել բոլոր տեսակի հարաբերությունները, այն ինչ-որ պահից արդեն սկսվել է փոխել կյանքի կազմակերպումը։
Կարեւոր է հասկանալ, ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել կյանքը՝ այս նոր տեսակի իրադրության ժամանակ, փոխված հարաբերությունների ընթացքում կամ՝ ինչպես է հնարավոր ձեւակերպել եւ հասկանալ նոր հարաբերությունները։
Համաճարակի իրադրությամբ փոփոխած հարաբերությունները չեն կարող ժամանակավոր կամ արտակարգ համարվել, քանի որ հենց այդ արտակարգությունն է մեծացնում աղետը՝ անընդհատ ուժեղացնելով համաճարակից դուրս գալու ցանկությունը ու անհնարինության զգացողությունը։
Սահմանված ու ձգձգվող, անգամ ավարտված արտակարգ դրությունները կյանքի հսկվող միջավայրն է, որտեղ հորդորակները բարոյականանությամբ ու սփոփանքով հարաբերությունները դարձնում են աղետալի։ Դժգոհությունն ու բողոքը թույլատրելի է հսկվող տարածքներում։ Այդ դժգոհություններից վտանգ չի զգացվում։
Իրականությունն ինքն իրանով, կամ այն հիշողությունները, որ կան ժամանակ առաջ տեղի ունեցած, ընթացած, մտածված բաների մասին, նույն կերպ շարունակում են լինել, կարող են վերապատմվել, վերհիշվել, անգամ կարող են ինչ-որ պահի նույնությամբ տեղի ունենալ, բայց ինչպե՞ս նոր իրադրությունում հարաբերությունները ստեղծել կամ ավելի ճիշտ, ի՞նչպիսին կարող են լինել այդ հարաբերությունները։
Պատուհասած աղետը որպես հսկվող դրություն, սպառված ժամանցի միջոցով արդեն իսկ ձեւավորել է պատկերացումներ, թե ինչպիսին են հարաբերությունները։ Երբեմն թվում է, որ դրանք սեփական փորձառություններ են, ու որպես արդեն պատմականորեն սպառողական հանրություն, հարաբերությունները պատկերացնելի են, հաշվի չառնելով, որ այդ սցենարները զուտ անհպում են, հեռավոր մի տեղից` մարմնին։ Սպառումից զուրկ մարմնի հիշողություն չկա, զգալ հնարավոր է մարմինը, բայց հարաբերության միջոցը փոխարինող զգացում է միայն առաջացնում, այն ժամանակավոր հարաբերությունների նման, որ սպասման մեջ պատկերացվում են՝ մեծացնելով աղետի դրությունը։
Հարաբերությունները փոխվում են սովորույթների չկիրառման ու մոռացման արդյունքում․ այն ստեղծելը հիշողության վրա, որպես ինչ-որ բանը պահպանելու համար կամ որպես երազանքներից կտրված զբաղմունք, երբ անիմանալի է ապագան թվում աղետի սրացման դրության մեջ, հնարավոր է ուժեղացնում է հսկողությունը, այսինքն այն, ինչը փորձում է մեծացնել հեռավորությունը մարմնից։
Այդ հսկողությունը փորձելու է անընդհատ հոգ տանել։ Այսպիսի հոգատարությունը անփոխադարձ հարաբերություն է հսկման ու մարմնի միջեւ՝ հիմնված բարոյականության, իրավունքների պաշտպանության, հանրային առողջության վրա, հիվանդ մարմիններ պետք չեն, նրանք վարակի միջոցով կարող են քանդել տնտեսությունը։
Վերահսկումը կոնֆլիկտային է դարձնում հարաբերությունը, ստանդարտիզացնում է հոգատարությունը, այն պարտադրված է հասկանալ վերեւից ներքեւ ձեւով, թողնվում է վերհիշումների միջոցով ստեղծել սփոփանքներ, լինել օրինապահ, չհարցադրել վերահսկումը, ապրել նույն կերպ, մեռնելը վստահել այդ հսկմանը, իսկ մինչ այդ, մեղքի զգացողությամբ ձեւականացնել կյանքը, որ այն իսկական դառնա տնտեսությունը չքանդելու իմաստով։
Այդ վերահսկումը վերցրել է մարմինը, ու անգամ, երբ թվում է, որ ռեակցիաներ չկան, կյանքի կազմակերպումը չպետք է կրկնել հսկողի հարաբերությունների ստեղծման ստրուկտուրաների միջոցով։ Պարտադրանքի պես գիտակցություն սղոցող իշխանական կանոնը, թե այդ ռեակցիաները կարող է անտեսանելի դառնալ, եթե երկատված մտքերից ընտրությունը կանգ առնի ասվող խոսքի վրա ու թաքցված ցանկության էլ ավելի խորը քողարկելու միջոցով, հնարավոր է իբրեւ թե դիմադրություն ստեղծել, հիմնականում վերստեղծում է նույն իշխանությունը, որը, իբրեւ ըմբոստություն, մարմինը ազատագրում է նոր իրադրությունում։
Նոր իրադրությունը, ցավոք սրտի, չպետք է լիներ խաղի նման, անհոգատար։ Եվ հենց այստեղ է, որ այն ուղղակի պետք է առիթ դարձնել, հարցադրելու, թե ինչպես կարող ենք հենց մենք իրար հետ կազմակերպել մեր կյանքը՝ առանց վերհիշումների ու պատմությունների, առանց կրկնությունների։
Մոմիկ Վարդանյան
մարտի 27, 2020