Home / Դատարան / Խորհրդարանը դադարեցրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները

Խորհրդարանը դադարեցրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքի, այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր։

Տվյալ օրինագծով ՍԴ դատավորն ընտրվում է 12 տարի ժամկետով, ով կարող է ՍԴ դատավոր ընտրվել միայն 1 անգամ։ Առաջարկվում է նաև դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողությամբ 12 տարուց ավելի են պաշտոնավարում։ Այն դատավորները, որոնց պաշտոնավարնան 12 տարին չի լրացել, կպաշտոնավարեն մինչև տվյալ ժամկետի ավարտը։

Այսպիսով կհավասարվեցի ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը, ասաց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը։

ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո, որն էլ կպաշտոնավարի 6 տարի ժամկետով։

Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն էր արել։