Վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) 8 ակտիվիստներ, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բաքվում կայացած ցույցի 6 մասնակիցներ։ Թուրան տեղեկատվական գործակալությանն այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին։
Ձերբակալվածների թվում են Ժողովրդական ճակատի պրեզիդիումի անդամ, Ղարաբաղյան պատերազմի վետերան Ասիֆ Յուսիֆլին, ակտիվիստներ Ֆարիդ Ասադովը, Սեմուր Ահմեդզադեն, Մանանաթ Թուրանը (Մահմարզաևա), Մուհամեդ Իմանլին և Էլվին Մամեդովը։ Պատճառը մասնակցությունն է հուլիսի 14-15-ին Բաքվում կայացած զանգվածային բողոքի ցույցին, որի մասնակիցները, նախ, Հայաստանի դեմ պատերազմ էին պահանջում, ապա՝ ադրբեջանական բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հրաժարականներ։
«Ղարաբաղ կամ մահ», «Հրամանատա՛ր, մոբիլիզացիա հայտարարի՛ր» և «Ազատություն Ղարաբաղին» կարգախսներով, պատերազմ սկսելու կոչերով երթը վերածվել էր հակակառավարական բողոքի ցույցի, որի ընթացքում սկսել են հնչել նաև հրաժարականների պահանջներ։
Առավոտյան 4-ի կողմերը ցուցարարների մի մասին հաջողվել է ներխուժել խորհրդարանի շենք։ Բազմահազարանոց երթի մասնակիցներին մինչ այդ չխոչընդոտող ոստիկանները մահակների, ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցուցարարներին հեռացրել են շենքից։ Խորհրդարանի դիմաց հավաքվածները շարունակել են հրաժարականի կոչեր վանկարկել։
Երթից հետո՝ հուլիսի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած երթին՝ բնութագրելով այն որպես ի աջակցություն բանակի և անձամբ իրեն՝ որպես Գերագույն հրամանատարի։ Ալիևն իր խոսքը սկսել է ցույցը ողջունելուց, ապա՝ մեղադրել ընդդիմադիր ակտիվիստներին սադրանքների հրահրման մեջ։
«Ցավոք, դեպի Շեհիդների ծառուղի երթի ժամանակ ցուցարարներին սադրիչների խումբ էր միացել, ովքեր խուլիգանություններով փորձում էին խախտել հասարակական կարգը», – հայտարարել է Ալիևը։
Նա նշել է, որ իր հանձնարարությամբ ոստիկանները կզբաղվեն խուլիգաններին նույնականացնելու և բերման ենթարկելու հարցով։ Ալիևի պնդմամբ, սադրիչները «հինգերորդ շարասյունից» են՝ Ժողովրդական ճակատ կուսակցությունից և ընդդիմադիր Ազգային խորհրդից։ Հայտարարել է նաև, որ այս անգամ աննախադեպ խիստ և դաժան միջոցներ են ձեռնարկվելու այդ «թշնամական էլեմենտների հակապետական գործունեությանը» վերջ դնելու ուղղությամբ։
Երկրի ղեկավարի ելույթին հաջորդել են ձերբակալությունները։
Ժողովրդական ճակատ կուսակցությունն ու Ազգային խորհուրդը հերքել են իրենց հասցեին հնչած մեղադրանքները։
«Ժողովրդական ճակատի ակտիվիստները չեն մասնակցել խորհրդարանի շենք մտնելու միջադեպին։ Իշխանությունները հերթական անգամ անկարգություններն օգտագործում են որպես ԱԺՃԿ-ն ճնշելու միջոց։ Սա Ժողովրդական ճակատին նեղելու ալիևյան հրամանի իրագործումն է», – նշել է կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին։
«Երկրի նախագահի նման հայտարարությունը խայտառակությունից բացի այլ կերպ բարդ է բնորոշել: Սա նոր ճնշումների բացահայտ կոչ է», – ասվում է ԱԺՃԿ հայտարարության մեջ։
Մարտական գործողությունների մեկնարկից հետ Ժողովրդական ճակատն ու Ազգային խորհուրդը քաղաքացիներին հորդորել էին մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու դադարեցնել քննադատությունները իշխանության հասցեին։ «Շնորհակալության փոխարեն Ալիևը մեզ թշնամի հայտարարեց», – նշված է հայտարարություն։
Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին ևս քննադատել է Ալիևի հայտարարությունը՝ շեշտելով՝ սեփական երկրում թշնամիներ փնտրելու փոխարեն կառավարությունը պետք է ակտիվացնի դիվանագիտական շփումները։
Պատերազմի պահանջով ցույցերից երկու օր առաջ կալանավորվել էր նաև ԱԺՃԿ անդամ Արիֆ Փաշաևը, ով սոցիալական ցանցերում ակտիվորեն մասնակցում էր «Թովուզյան մարտերի» մասին քննարկումներին։ Դատարանի որոշմամբ Փաշաևը 30 օր անց կկացնի անազատության մեջ։ Մեկ այլ ակտիվիստ Էլվին Բահմանօղլուն 15 օրով կալանավորվել է սահմանին զոհված մայոր Անար Նովրուզովի հուղարկավորության արարողությանը մասակցելու համար։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։
Ժողովրդական ճակատն Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցություններից է։ Ստեղծվել է 1988 թվականին, ազգայնական ժողվրդավարական գաղափարախոսությունների հետևորդ է։ 1992-1993 թվականներին՝ Հեյդար Ալիևից առաջ, մի քանի ամսով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։