«Ձևակերմամբ սա խնդրանք է, իրականում՝ պարտադրանք»․ «Настоящее время»-ն պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիներին առաջարկում աշխատավարձի մի մասը «նվիրաբերել» Ղարաբաղի վերականգնմանը։
Անցյալ մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվել է պետական երեք հիմնադրամ՝ այս կամ այն կերպ կապված ղարաբաղյան 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերականգնման հետ։
Առաջինը «Ադրբեջանական բանակին օգնության հիմնադրամն» է։ Այն ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ 2002-ից գործարկված «Ադրբեջանական զինված ուժերին օգնության հիմնադրամի» հիմքով։
Երկրորդը «YAŞAT»-ն է (ադրբ․՝ «Կյանք տուր»)՝ հիմնված կրկին դեկտեմբերի 8-ին։ Այն միտված է աջակցելու վիրավոր զինածառայողներին և զոհվածների ընտանիքներին։
Երրորդը «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամն» է՝ ստեղծված 2021 թվականի հունվարի 4-ին, որի միջոցները, ինչպես պնդում են հիմնադրամի ներկայացուցիչները, ուղղվելու են «ազատագրված տարածքների» վերականգնմանն ու վերակառուցմանը։
Դեռևս դժվար է գնահատել, թե ինչքան դա կնստի Ադրբեջանի վրա։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ 2021 թվականին պլանավորում են 2․2 միլիարդ մանաթ (1.3 միլիարդ դոլար) հատկացնել տարածաշրջանում «վերականգնողական աշխատանքների», այդ թվում՝ համայնքային ենթակառուցվածքների և պատմամշակութային հուշարձանների վերականգման համար։ Արդյոք այս աշխատանքները կֆինանսավորվեն միայն հիմնադրամից, թե կլինեն նաև բյուջետային հատկացումներ՝ դեռևս պարզ չէ
Հիշատակված բոլոր հիմնադրամները, ամեն դեպքում, հայտարարել են, որ իրենց բյուջեն գոյանում է կամավոր նվիրաբերություններից։ Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ այդ նվիրաբերությունները ոչ միշտ են կամավոր։ Ադրբեջանի նախ պետական հաստատությունների, այնուհետև նաև մասնավոր ընկերությունների աշխատողները տարեսկզբից զանգվածաբար ահազանգում են, որ «Ղարաբաղի համար» իբր թե «կամավոր» դրամահավաքներն իրականում պարտադրողական բնույթ են կրում։
Աշխատողների խոսքով՝ ընկերությունները կամ պարզապես կտրում են աշխատավարձի մի մասը՝ գումարներն ուղիղ փոխանցելով հիմնադրամին, կամ որևէ կերպ ստիպում են նվիրատվություն կատարել աշխատավարձ ստանալուց հետո։
«Ով չի ուզում վճարել՝ ադրբեջանցի չէ»
Ադրբեջանական ընկերությունների որոշ ղեկավարներ չեն էլ թաքցնում, որ որոշել են «առատաձեռնություն պարտադրել» ենթականերին։ Նավթագազային արդյունաբերության աշխատողների արհմիության ղեկավար Ջահանգիր Ալիևը, օրինակ, բացահայտ կերպով հայտարարել է, որ «Azerkimya» արտադրական միության աշխատողների աշխատավարձերի 10%-ը արհմիության որոշմամբ փոխանցվել է «YAŞAT»-ին։
«Մենք չենք կարող ամեն աշխատողին առանձին հարցնել՝ որքան նա կարող է նվիրաբերել», – հայտարարել է Ալիևը և հպարտությամբ նշել՝ «որոշ կազմակերպություններ մի ամբողջ ամսվա աշխատավարձ են փոխանցել»։
«Ով դեմ է, թող հայտնի, որ ադրբեջանցի չէ և այդ պատճառով չի ցանկանում վճարել», – եզրափակել է արհմիության ղեկավարը։
Վերջին հայտարարությունը միանգամից տարածվեց սոցցանցերում և արժանացավ բուռն քննադատության։ Մեկնաբանները որևէ կերպ իրենց չէին սահմանափակում՝ ոչ Ջահանգիր Ալիևի, ոչ էլ Ադրբեջանի այլ պաշտոնյաների, նախարարների և պատգամավորների հասցեին հնչեցվող արտահայտություններում։
Այս հայտարարությունից մեկ շաբաթ առաջ «YAŞAT»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Transparency Azerbaijan» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռենա Սաֆարլիևան «Кавказский узел» կայքին տված հարցազրույցում նշել է, որ նվիրատվությունները պետք է լինեն բացառապես կամավոր։
«Եթե գործատուները ստիպում են աշխատողներին իրենց կամքին հակառակ գումար փոխանցել ֆոնդին՝ դա անօրինական է», – ընդգծել է Սաֆարլիևան և առաջարկել դիմել դատարան․ «Գործատուների ինքնագործունեությունը մեր հիմնադրամին պետք չէ, երկարժամկետ հեռանկարում այն կարող է բերել կամավոր նվիրատվությունների նվազման»։
«Ով ինչքան կարող է՝ թող տա»
Շատ ընկերությունների ղեկավարներ գործնականում կամավորության սկզբունքը նախընտրում են պահպանել լոկ պայմանականորեն, նշում են նրանց աշխատակիցները։ Այն ընկերությունը, որում աշխատում է Թալեհ Ալիմարդանովը, պետական է միայն մասնակիորեն։ Սակայն հունվարին ղեկավարը հայտնել է, որ իրեն «վերևից» հանձնարարել են ամեն աշխատողից 50 մանաթ (մոտ 30 դոլար) հավաքել և փոխանցել «YAŞAT»-ին։
50 մանաթով կարելի է Բաքվի հասարակական տրանսպորտից ամեն օր օգտվել շուրջ երկուսուկես ամիս։
«Տնօրենն ասաց, որ կարող է գումար փոխանցել այն մարդկանց փոխարեն, ովքեր չեն ուզում վճարել, բայց մեր աշխատակազմում բոլորը մինչև հիմա հաղթանակի էյֆորիայի մեջ են», – նշել է Թալեհը, – «Միայն ես էի ի սկզբանե դեմ ռազմական գործողություններին, ու հիմա էլ պետության կողմից ստեղծված հիմնադրամին որևէ բան տալ չեմ ուզում։ Եթե ինչ-որ վետերանի անմիջականորեն օգնելու կարիք կա, ես երկու ձեռքով կողմ եմ։ Բայց ոչ այս ձևով»։
Թունզալա Աբբասովան աշխատում է Բաքվի պետական հաստատություններից մեկում։ Դեկտեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքի գործադիր իշխանության, ինչպես նաև մայրաքաղաքային տարատեսակ կառույցների աշխատակիցները «YAŞAT»-ին փոխանցել են շուրջ 500 000 մանաթ (294 000 դոլար)։ Այս գումարը ներառում է նաև Աբբասովայի ամսական աշխատավարձի 20%-ը։
«Երբ դեկտեմբերի համար աշխատավարձ էի ստանում, ինձ խնդրեցին 300 մանաթ (176 դոլար) տրամադրել «YAŞAT» հիմնադրամին։ Եվ չնայած ֆորմալ առումով դա խնդրանք էր, փաստացի, ամեն դեպքում, պարտադրանք էր։ Ընդ որում՝ ինձ ասացին, որ դա «վեց ամսվա համար է»։ Այսինքն՝ ստացվում է, որ կես տարի հետո ինձնից ևս 300 մանաթ են վերցնելու», – պատմել է Աբբասովան։
«Մյուս կողմից՝ մարդկանց օգնելու համար գումար տալն ափսոս չէ»,- միանգամից հավելել է կինը։
300 մանաթն ավելի շատ է, քան երկրում սահմանված նվազագույն աշխատավարձը։
Իլգար Հուսեյնովն ինժեներ է, աշխատում է պետական հաստատությունում։ Պատմում է, որ իրենց ղեկավարությունը նույնպես առաջարկել է «գցվել» նվիրատվության համար։
«Չեմ էլ հիշում, թե կոնկրետ որ ֆոնդի համար էր։ Ասացին՝ ով ինչքան կարող է, թող տա։ Ես 10 մանաթ տվեցի (մոտավորապես 6 դոլար)։ Եթե հաստատ իմանայի, որ այդ գումարներն իրենց նպատակակետին են հասնելու, ավելի շատ կտայի։ Բայց հենց դա է հարցը, որ ես վստահ չեմ, որ նվիրատվությունները չեն գրպանվի»,- նշել է Հուսեյնովը։
«Պետությունը ստիպում է քաղաքացիներին զբաղվել բարեգործությամբ»
Ադրբեջանում 2020 թվականի մարտի կեսերին համանման ձևով Covid-19-ի դեմ պայքարի համար էին միջոցներ հավաքվում։ Այդ ժամանակ նախագահի կարգադրությամբ ստեղծվեց «Կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հիմնադրամը», որին փոխանցվել է շուրջ 114 միլիոն մանաթ (67 միլիոն դոլար)։
Նվիրատվություն են կատարել 3395 իրավաբանական և 12532 ֆիզիկական անձինք, որոնց թվում էր նաև Իլհամ Ալիևը․ հայտարարվել էր, որ նա ֆոնդին փոխանցել է իր տարեկան աշխատավարձը՝ 126 900 մանաթ։ Հայտնի չէ՝ «Ղարաբաղի համար» երեք ֆոնդերից որևէ մեկին նա համանման նվիրատվություն արել է, թե ոչ։
Այս պահի դրությամբ «YAŞAT»-ին փոխանցվել է գրեթե 27 միլիոն մանաթ (շուրջ 16 միլիոն դոլար), որից 16 միլիոն մանաթը՝ ֆիզիկական, իսկ 11 միլիոնը՝ իրավաբանական անձանց կողմից։ Հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվությունից հետևում է, որ ծախսվել է մի փոքր ավելի, քան 1 միլիոն 200 հազար մանաթը (706 000 դոլար)։ Եթե հավատանք հաշվետվությանը, ապա ամենաշատ գումարը ծախսվել է գնդակոծությունների զոհերի «կենսական պայմանների բարելավման» (միջոցների 38,23%-ը) և վիրավորների բժշկական օգնության (միջոցների 36,92%-ը) համար։
Անկախ տնտեսագետ Թողրուլ Վելիևի կարծիքով՝ այսպիսի մոտեցման պարագայում պետական ընկերությունները հիմնադրամին օգնելու պատվեր են ստանում՝ իրենց հերթին ստիպելով օգնել աշխատողներին։ Կամավորությունը վերածվում է վարչական հնազանդության։ «Քաղաքացիական հասարակության հարթակի» ներկայացուցիչ Ալեկսեր Մամեդլին, ով ևս փաստաբան է, հատկապես վախենում է, որ պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարները «կմրցակցեն», թե ով ավելի շատ փող կփոխանցի իշխանությունների կողմից ստեղծված ֆոնդերին, ինչից առավելապես կտուժեն աշխատողները։
Միջին դպրոցի ուսուցիչ Մաքսուդ Մամեդովը հայտնում է, որ իրենց դպրոցում գումար դեռևս չեն հավաքել։ Ինչ վերաբերում է նվիրատվական ֆոնդերին՝ Մամեդովը դրանց ստեղծումը «միջնադարյան մեթոդ» է համարում։
«Պետությունն իր ֆինանսական պարտավորությունը փաստացի բարդում է բնակիչների ուսերին։ Դեռ լավ է, եթե այդ գումարներն իսկապես ծախսվեն բանակի և պատերազմից տուժած մարդկանց կարիքների վրա։ Թեև, անկեղծ ասած, չեմ հավատում, որ մեր պաշտոնյաներն այդաստիճան սրիկաներ կգտնվեն, որ այստեղից էլ գողանան։ Ռիսկային էլ կլինի, երևի»։
Հոդվածի ռուսերեն բնագիրը՝ «Настоящее время»-ում (հեղինակ՝ Նիկա Մուսավի)
Հոդվածը հայերեն վերաշարադրվել է կրճատումներով