«Բանակն իրեն պահեց օրինապաշտ, ես այդպես ինձ չէի պահի․․․ Ես Օնիկի տեղը լինեի՝ կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին», — այսօր տեղի ունեցած հանրահավքին հայտարարել է 16+ կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Օնիկ Գասպարյանն այսօրվանից իրավունքի ուժով ազատված է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ, այնուամենայնիվ, դիմել է Սահմանադրական դատարան։ Ճիշտ է՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ ուղիղ առնչություն չունեցող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը պարզելու համար։
Ավելի ուշ հրապարակվել էր նաև ԳՇ արդեն նախկին պետի ուղերձը։
Գասպարյանը վերահաստատել էր վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին իր հայտարարությունները։ Գեներալը տեղեկացրել էր նաև, որ իր պաշտոնանկությունը վիճարկելու է վարչական դատարանում և հորդորել էր մյուս գեներալներին, սպաներին և զինվորներին «շարունակելու անձնուրաց և ազգանվեր ծառայությունը»։
Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը
Զինված ուժերի ղեկավար կազմը կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ միանում է ԳՇ արդեն նախկին պետի ուղերձին, հաստատում է տրված գնահատականները, և ուղերձում արված հորդորը «ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»։
Հայտարարությամբ էր հանդես եկել անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկոյան հայտնի դարձավ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։
Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությամբ արդեն իսկ դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին։
«Ես Օնիկի տեղը լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին։ Ինքը չգնաց այդ քայլին։ Բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, որովհետև բանակը նորից ասաց` ճիշտ է` Օնիկը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին», – այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին ասաց Վազգեն Մանուկյանը:
«Հայրենիքի փրկության շարժման»թեկնածուն շեշտեց` պայքարը շարունակվելու է:
Բաղրամյան պողոտան արդեն 10 օրից ավել է՝ փակ է։ Փրկության շարժումն այնտեղ վրանային «ճամբար» է ստեղծել և պարբերաբար հանրահավքներ է անում։
Երեկվանից փակ է նաև Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող Դեմիրճյան փողոցը։
Նախօրեին, երբ պարզ դարձավ, որ նախագահը ՍԴ չի դիմել, ուստի՝ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով ազատվելու է ԳՇ պետի պաշտոնից, ընդդիմադիրները որոշեցին փակել Ազգային ժողովի մուտքերը՝ պատգամավորների ելումուտը թույլ չտալու համար։
«Փրկության շարժումը» համակարգող դաշնակցական Իշխան Սաղաթելյանը կոչ արեց բոլորին առավոտյան հավաքվել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում։ Կոչին, սակայն, շատ քչերն էին արձագանքել։
Առավոտյան Բաղրամյան-Դեմիրճյանում մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքված։ ԱԺ այսօրվա նիստը անխափան կայացավ․ պատգամավորները ներկա էին։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ մուտքերը, այնուամենայնիվ, «շարունակելու են մնալ շրջափակված»։
Ընդդիմադիրները պահանջը, ինչպես հայտնի է, նույնն է․ նրանք ուզում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարությունը՝ ղեկավարվող իրենց և վարչապետի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է արտահերթ ընտրություններ անել։ Իսկ մինչ այդ՝ խորհրդակցություններ անցկացնել բոլոր քաղաքական ուժերի հետ։
Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցում Փաշինյանի հետ բանակցությունների գնալու մտադրություն իրենք չունեն․ «Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններն անհեթեթություն եմ համարում։ Ես անձամբ ոչ մի դեպքում չեմ համաձայնի ընտրություններին»։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի