Թուրքական լիրայի, հայկական դրամի, վրացական լարիի և ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկումը շարունակվում է, ադրբեջանական մանաթը պահպանում է իր կայուն դիրքերը, իրանական ռիալը մնում է աշխարհի ամենաարժեզրկված արժույթներից մեկը։
Վրացական լարի
Վրացական լարին արագընթաց արժեզրկվում է։ Մեկ տարի առաջ ԱՄՆ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը մոտ 2․8 էր, այսօր՝ արդեն 3․4։
Համավարակի առաջին իսկ օրերին լարին կտրուկ արժեզրկվեց, 2020-ի ամռանը՝ համեմատաբար վերականգնեց իր դիրքերը, գարնանը՝ կրկին լուրջ անկում արձանագրեց, որը՝ որոշակի վայրիվերումներով, շարունակվում է մինչ օրս։
Վերջին մեկ շաբաթվա դինամիկան հատկապես մտահոգիչ է։ Վրաստանի իշխանություններն այս իրադրությանը փորձում են հակազդել սեփականաշնորհման գործընթացի ակտիվացմամբ և տուրիզմի վերագործարկմամբ։ Տեղացի փորձագետներն անկումը պայմանավորում են, մի կողմից, համաճարակային բարդ իրավիճակով, երկարատև լոքդաունով, սահմանների փակությամբ և ԿԲ-ի սխալ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ ռուսական և հատկապես թուրքական տնտեսության անկմամբ, որը վերջին տարիներին գնալով մեծացնում է իր ազդեցությունը հարևան Վրաստանում (ներդրումներ, արտագնա աշխատանք, թրանսֆերներ, տուրիզմ և այլն)։
Թուրքական լիրա
Թուրքիայում ՀՆԱ-ն, իսկապես, գրեթե կրկնակի կրճատվել է՝ 1 տրիլիոն դոլարից հասնելով 652 միլիարդի։ Էականորեն նվազել է նաև քաղաքացիների եկամուտը, աճել է գործազրկությունը։ Լիրան դեվալյացիայի է ենթարկվել։
Եթե 2019 թվականի օգոստոսին 1 դոլարն արժեր մոտ 5․48 լիրա, ապա մեկ տարի անց այն արդեն 7․3-ի սահմաններում էր։ Արժեզրկման իր հակառեկորդը լիրան սահմանեց անցյալ տարվա նոյեմբերին՝ հասնելով մոտ 8․5-ի։
Մեկ տարի առաջ լիրայի փոխարժեքը մոտ 6․4 էր, այսօր 1 ԱՄՆ դոլարն արժե մոտ 8․3 լիրա, ինչը բավականին վատ ցուցանիշ է համարվում։
Ռուսական ռուբլի
Շարունակաբար արժեզրկվում է նաև ռուսական ռուբլին։ Ռուբլու ամենաբարձր փոխարժեքը վերջին երկու տարվա ընթացքում եղել է անցյալ տարվա հունվարի 11-ին․ 1 դոլարի դիմաց մոտ 61․02 ռուբլի, ինչը, համեմատ մի քանի տարի առաջվա փոխարժեքի՝ ինքնին լուրջ արժեզրկում է։
Հընթացս համավարակի տարածմանը՝ ռուբլին նոր հակառեկորդներ էր գրանցում։ Անցյալ տարի՝ 2020-ի մարտի 19-ին այն հասնել էր վերջին երկու տարիների ամենացածր փոխարժեքին՝ 80․9։ Այս պահին մեկ դոլարն արժի մոտ 75.5 ռուբլի։
Հայկական դրամ
Հայկական դրամի վիճակը ևս հուսադրող չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում փոխարժեքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2019 թվականի հոկտեմբերին՝ 1 դոլարի դիմաց մոտ 475․28 դրամ։ Այսօր դրամի փոխարժեքն արդեն 527.7 է։
2020 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ երբ հայտարարվեց երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին, դրամի փոխարժեքը 478․6 էր, իսկ ապրիլի 1-ին՝ խիստ սահմանափակումների ուժի մեջ մտնելուց հետո՝ արդեն 503․22-ի։ Մինչև պատերազմը դրամը հասցրեց վերականգնել իր դիրքերը, պատերազմից հետո՝ ենթարկվեց լուրջ արժեզրկման, որը շարունակվում է մինչ այժմ։ Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, փոխարժեքը 485․27 էր։ Պատերազմից հետո դրամը սկսեց արժեզրկվել․ դեկտեմբերի 23-ին դրամը կտրուկ անկում ապրեց՝ 481․6-ից հասնելով մոտ 502․5-ի։ Թեթևակի տատանումներով՝ դրամը շարունակում է իր կայուն արժեզրկումը մինչ օրս։
Իրանական ռիալ
Իրանական ռիալի փոխարժեքը մնում է ամբողջ աշխարհում ամենացածրերից մեկը։
Մեկ տարի առաջ ԱՄՆ դոլարը համարժեք էր 42,074, այսօր՝ 42,025 ռիալի։ Վիճակը մնում է կայուն անմխիթար։
2013 թվականին՝ ընդդեմ Իրանի կիրառված տնտեսական խիտս պատժամիջոցների հետևանքով, ռիալը արժեզրկվեց մոտ 400 տոկոսով։ Իրանական տնտեսությունը փլուզման եզրին էր։ Տնտեսական ճգնաժամը Իրանին ստիպեց նահանջել․ 2015-ին երկիրը միացավ այժմ գրեթե չգործող՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ միջուկային դաշնագրին։
Վերջին լուրջ շրջադարձը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային համաձայնագրից։ Ռիալի նոր անկում ապրեց, որի ազդեցությունը շարունակվում է մինչ այժմ։ Իրանի ազգային արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ համեմատած մինչհեղափոխական շրջանի հետ, այժմ մոտ 600 տոկոսով ավելի թույլ է։
Ադրբեջանական մանաթ
Աննպաստ այս ֆոնին աչք է ծակում ադրբեջանական մանաթի կայունությունը․ մանաթի փոխարժեքը գրեթե փոփոխության չի ենթարկվել ոչ համավարակի, ոչ պատերազմի արդյունքում։ 1 ԱՄՆ դոլարին համարժեք է մոտ 1․699 ադրբեջանական մանաթը: Անցյալ տարվա մարտին մանաթի փոխարժեքը 1․692 էր։