Երեկ [ապրիլի 14-ին] ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով 2017-ին ՀՀ իշխանության պատվերով արված մի վերլուծություն, հայտարարել է, որ դեռևս 4 տարի առաջ Հայաստանը կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ ու տրանսպորտային համակարգերի և սպառազինության տեսակարար կշռով 20 (քսան) անգամ զիջել է Ադրբեջանին։ Ավելի վաղ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» անունով հայտնի տարբերակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբում կոնսենսուս է եղել, իսկ ինքն այն համարել է անընդունելի, որովհետև դրանով չէր լուծվում ԼՂ կարգավիճակի հարցը։
Հոկտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանն արդեն գրավել էր Ջեբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, Զանգելանի մի մասը, Թալիշն ու Մատաղիսը, Փաշինյանը, ըստ ԱԺ-ում իր երեկվա խոսքի, վերցրել է հեռախոսն ու զանգել ՌԴ նախագահին՝ ասելով. «Մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանին տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով»։ Ըստ վարչապետի, ինքը ցավալի փոխզիջումների մասին խոսել է այն ժամանակ, «երբ որ հասկացել եմ, որ մենք մոտենում ենք մի գծի, որտեղ արդեն պարզ ա լինելու, որ մենք չենք կարողանում մեր խնդիրը լուծել», այսինքն՝ երբ բանը բանից անցել է։ Վերոնշյալ 20 անգամի ու կոնսենսուսի մասին իմանալով հանդերձ, ինչո՞ւ է այդքան ուշ հասկացել։ Եվ ինչո՞ւ է շարունակում մեղադրել մարդկանց` իր ուշ հասկացածը տարիներ առաջ հասկացած լինելու համար (ընդ որում, այն բանից հետո, երբ հրապարակավ ընդունել է, որ նրանք ճիշտ էին, 10.11.2020, ֆբ ուղիղ եթեր)։
Այս փուլում Փաշինյանի ուշ հասկանալն արժեցել է հազարավոր զոհեր, ավերածություններ և 5+2-ի 5 շրջանից 2-ի և լրացուցիչ նաև Հադրութի ու Մարտակերտի շրջանի որոշ հատվածների կորուստ, այսինքն՝ վարչապետը համաձայնել է ընդունել իր կողմից անընդունելի որակվող տարբերակը միայն այն բանից հետո, երբ հայկական կողմերն արդեն զրկված են եղել համապատասխան տալիքի զգալի մասից (դեռ մի բան էլ ավելին)։
Ըստ ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի՝ դեռևս նախորդ տարի արված հայտարարությունների, Ադրբեջանը համաձայնել է դադարեցնել կրակը՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները Շուշի վերադառնալու իրավունք ունենան։ Հայաստանը սա անընդունելի է համարել, և պատերազմը շարունակվել է։ Երբ Փաշինյանը հասկացել է, որ դարձյալ «մոտենում ենք մի գծի», ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այս փուլում վարչապետի ուշ հասկանալն արժեցել է լրացուցիչ հազարավոր զոհեր, ավերածություններ և Շուշի քաղաքի ու առհասարակ գրեթե բոլոր լծակների կորուստ, քանի որ Ադրբեջանին վերադարձվեցին նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները։
Ըստ ամենայնի, հիմա ապրում ենք ուշ հասկանալու հերթական փուլում, երբ Փաշինյանն այսուհետ ևս Հայաստանը ղեկավարելու հայտ է ներկայացնում, ինչի պարագայում գրեթե անհնար է դառնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ուղիղ երկխոսությունը։ Ուղիղ խոսելն անհրաժեշտ է Հայաստանին ճիշտ այն պատճառով, ինչ պատճառով բնակարան վարձելիս նախընտրում ենք ուղիղ տանտիրոջ հետ գործ ունենալ, որովհետև միջնորդավորված գործարքի համար ավելի թանկ ենք վճարում։
Ռաֆայել Թեյմուրազյան
աղբյուրը՝ ֆեյսբուքի էջ