Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել Էկոնոմիկայի նախարարության նոր նախագծին, որով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային։ Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
— 2021թ․ ապրիլի 15-ին ՀՀ կառավարությունը, խախտելով օրենքը և ժողովրդավարության բոլոր սկզբունքները, հավանություն տվեց Ամանորյա ու Սուրբ Ծննդյան տոների չեղարկման մասին օրենսդրական նախագծին։
Հիշեցնենք, որ օրենսդրական նախագիծը հրապարակվել էր E-DRAFT համակարգում հունվար ամսին։ Որպես աշխատանքային իրավունքները ու հանրության սոցիալ-տնտեսական բարօրությունը էականորեն փոփոխող նախագիծ, այն պարտավոր էր քննարկվել Հանրապետական եռակողմ հանձնաժողովում, ինչպես պահանջում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության միջև ստորագրված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը և սոցիալական երկխոսության վերաբերյալ միջազգային նորմերը։ Սակայն դա տեղի չի ունեցել, ինչով խախտվել է օրենքը։
Նախագծի հեղինակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրական նախագիծը հիմնավորել է մի շարք ԿԵՂԾ, ոչ ապացուցողական և ոչ ժամանակակից թեզերով։ Մասնավորապես, ենթադրել է, թե իբր տնտեսության ճյուղերը գործում են միայն աշխատանքային օրերին, և որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում արգելված է ոչ աշխատանքային օրերին աշխատելը։ Համեմատության մեջ են դրվում ամենամյա արձակուրդն ու պետական տոները, կոնտեքստից կտրված շեշտ է դրվում տնտեսության բացառապես քանակական ցուցանիշների կարևորության վրա։ Պնդում է արվում, որ Հայաստանն աշխարհում առաջատար է հանգստյան օրերի քանակով։ Այս բոլոր ենթադրություններն ու թեզերը ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԵՆ։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, որը միավորում է 10 հազարից ավելի պետական, համայնքային ու հանրային ոլորտի աշխատողների, կտրականապես դեմ է արտահայտվել Նախագծին, և E-DRAFT համակարգի միջոցով Կառավարությանն ուղարկել է իր վերլուծություններն ու բացասական կարծիքը։
Մեր կարծիքին Նախագիծը հեղինակած գերատեսչությունը չի բարեհաճել պատասխանել ըստ բովանդակության, այլ նորից ներկայացրել է Նախագծի իր իսկ հիմնավորումներից վերցրած նույն հատվածները։ Պատասխաններից մեկում նշվել է նաև, որ շահագրգիռ գերատեսչությունների դիրքորոշումներն ամփոփելուց հետո նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության սոցիալական գործընկերներին, ինչը սակայն ՆՈՒՅՆՊԵՍ ՉԻ ԱՐՎԵԼ։
Իսկ արդեն այսօր, սոցիալական գործընկերների հետ չքննարկված և հանրային քննարկմանը խիստ բացասական կարծիք ստացած այս Նախագիծն ընդգրկվեց Կառավարության նիստի օրակարգում։
Կառավարության նիստին միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը դեմ արտահայտվեց օրենսդրական նախագծին՝ բացատրելով, որ Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված տեղեկատվությունն իրականությունից հեռու է։
Առավել ուշագրավ է Կառավարության նիստի ընթացքում Նախագծի քննարկման պրոցեսը, որը աբսուրդի թատրոնի ժանրից էր, բայց նաև մի շարք բացահայտումներ արեց իշխանությունների արժեհամակարգի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս գաղափարն արդեն 5-6 տարի է ցանկություն կա իրագործելու, բայց այն դեռ հաջողության չի հասնում, և նա ուրախ է, որ վերջապես գաղափարը տեղից շարժվում է։ Այսինքն, չնայած նրան, որ Ն․ Փաշինյանը երկրի ղեկավար է ընդամենը վերջին 2․5 տարին, նա ակամա խոստովանեց, որ համակարծիք է նախկին կառավարությունների տարված քաղաքականության հետ և դրանք շարունակելու ցանկություն ունի։ ՀՀ ֆինանսների նախարարության նախարար պարոն Ատոմ Ջանջուղազյանը, լսելով ՀՀ ԱՍՀՆ նախարարի բացատրություններն այն մասին, որ Նախագծի հիմնավորումները տնտեսական ցուցանիշների հետ կապված իրական չեն, հայտարարեց, որ այդ դեպքում հիմնավորումը պետք է լինի ոչ թե տնտեսության տեսանկյունից, այլ Կառավարության որդեգրած «ավելի շատ աշխատելու» քաղաքականությունից բխելով։ Սա վտանգավոր միտում է․ փաստորեն, ՀՀ իշխանությունները հեշտությամբ ընկնում եմ դեմագոգիայի ու «զոռբայության» գիրկը, և ի ցույց են դնում, որ իրենց նպատակներին հասնելու համար կարևոր չեն հիմնավորումները։ Բացի այդ, հասկանալի չէ, որ քաղաքականության մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության որդեգրած ռազմավարություններում ու ազգային ծրագրերում ամրագրված է արժանապատիվ աշխատանքին ուղղված քաղաքականությունը, ինչը աղերս չունի «շատ աշխատելու հետ»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց Նախագծի վերաբերյալ, թեպետ չի հանդիսանում կառավարության անդամ։ Նա նշեց, որ նիստից առաջ ծանոթացել է «մի քանի» երկրների տոներին, ընդ որում այն երկրների, որոնց «մենք ձգտում ենք նմանվել»։ Պարոն Թորոսյան, խնդրում ենք նշել, թե կոնկրետ ո՞ր երկրների սոցիալ-տնտեսական ու աշխատանքային օրենսդրության նմանությանն են ձգտում Հայաստանի իշխանությունները։
Իշխանությունների նման պահվածքը ուղղակիորեն ցույց է տալիս, որքանով են իշխանությունները խուսափում օրենքից, ժողովրդավարությունից ու գիտելիքահեն գաղափարներից, և որքանով են կոշտ տրամադրված իրենց նեղ անձնական շահերն առաջ տանել ցանկացած գնով՝ մեր բոլորի հաշվին։