Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները վերականգնելու և վերակառուցելու գործում Ադրբեջանին կօգնի նաև Բելառուսը։
Բելառուսցի շինարարները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը, ասել է շինարարության և ճարտարապետության նախարարության խոսնակ Վադիմ Կրիվեցկին։
Ապագա շինարարությունը, ըստ նրա, ենթադրում է «բելառուսական ագրոհամայնքներին նման մի բան»։
«Խոսքը տարածքի համալիր կառուցապատման մասին է։ Այս պահին կոնկրետ նախագիծ չկա, քննարկումներ են ընթանում», – հավելել է բելառուսցի պաշտոնյան։
Շինարարության և ենթակառուցվածների նախարար Ռուսլան Պարխամովիչը ОНТ հեռուստաալիքի եթերում մանրամասնել է, որ նախատեսվում է կառուցել բնակելի շենքեր, վերականգնել էլեկտրա, ջրա- և գազամատակարարման համակարգերը, ստեղծել համայնքային օբյեկտներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլն։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ շաբաթ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ Բաքվում հայտարարել էր՝ բելառուսական կողմը պատրաստ է միանալ Ղարաբաղի վերականգնմանը։
«Մենք պատրաստ ենք միասին ձեռնարկություններ ստեղծել, հատկապես ազատագրված տարածքներում, որոնք դեռ պետք է վերականգնվեն։ Նախագահ [Իլհամ Ալիևն] ինձ ասաց՝ այո, կվերականգնենք, բայց ամենակարևորը՝ մարդկանց համար անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել։ Մարդիկ չեն վերադառնալու այնտեղ՝ զուտ աստղերին նայելու, մարդիկ պետք է աշխատեն։ Խնդրե՜մ․ մենք պատրաստ ենք թիկունք լինել», – բելառուսական ОНТ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը։
Ադրբեջանի նախագահը հավելել է՝ տարածքների վերակառուցման աշխատանքներում ներգրավվելու են «բարեկամ երկրների» ընկերությունները․ «Ղարաբաղի վերականգնման նախագծերում արդեն իսկ ներգրավվել են երեք բարեկամ երկրների ընկերություններ։ Հույս ունենք, որ Բելառուսը կլինի չորրորդը»։
Առաջին երկիրը, որի հետ Ադրբեջանը կապալային պայմանագրեր է կնքել, Թուրքիան է։ Հաջորդը՝ Բրիտանիան և Իտալիան։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դիտարկվում է նաև Իրանի, Գերմանիայի մասնակցության հարցը, համագործակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Միջազգային բանկը։