Պաշտոնավարման տարիներին հարստացած հանրապետական նախկին չինովնիկ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Գագիկ Բեգլարյանը մինչև 2018 թվականը տնօրինել է կապի և տրանսպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Կենտրոնի թաղապետարանի բյուջեները։
«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետեւանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- հայտնել են դատախազությունից։
Մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք, հայտնում է ոստիկանությունը:
«Զվարթնոց» օդանավակայանից նրան տեղափոխել էին «Երևան» քրեակատարողական հիմնարկ, հայտնի է որպես «ԱԱԾ մեկուսարան»։