Home / Բանակ / Գեղարքունիքում 18-ամյա զինվոր է զոհվել

Գեղարքունիքում 18-ամյա զինվոր է զոհվել

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարությունը:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Ըստ Հայաստանի ՊՆ-ի՝ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ Երասխի հատվածում 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Ադրբեջանական կողմը հերքել է հայ զինծառայողի մահվանն իր մեղսակցությունը։

Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր նաև, որ անցած գիշեր ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի՝ Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Հայկական կողմը հայտարարել էր, որ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Պաշտոնական Բաքուն զոհի մասին տեղեկությունը չի հասատատել, բայց հաղորդել է հրադադարի խախտման մասին սահմանի Նախիջևանի հատվածում`պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա: