Օգոստոսի 16-ի առավոտյան Ժամը 09:50-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի արձակած կրակոցից մահացել է 1975 թվականին ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն:
Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, թե անցյալ գիշեր ադրբեջանական զինուժերը սադրանքի են դիմել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։
Ըստ ՊՆ-ի, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ, իսկ հայկական կողմից տուժածներ չեն եղել:
Ադրբեջանի ՊՆ-ն զոհված զինծառայողի լուրը չէր հասատատել, սակայն հաղորդել էր հրադադարի խախտման մասին սահմանի Նախիջևանի հատվածում`հայկական դիրքերից «խոշոր տրամաչափի զենքերով կրակ է բացվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ»: