Քեզ որոշ իրե՞ր են պետք, առևտրի մեքենան էլ առիթից օգտվելով քեզ ամբողջ ուժով համոզում է գնումներ անել, փող ծախսել ու սպառել։ Առաջարկում ենք չշտապել ու չընկնել սպառողական համակարգի ճիրանները։ Համոզված ենք՝ քեզ անհրաժեշտ իրերը ինչ-որ մեկի տանը նրա հոգատար ձեռքերով պահված անհամբեր քեզ են սպասում։ Դուք իրար հնարավորություն կունենաք գտնել Ձրի շուկայում, որը տեղի կունենա կիրակի օրը՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 15:00-18:00-ը։ Հասցե․ Երևան, Սպենդիարյան 5, 2-րդ հարկ, բնակարան 24։
Դու նո՞ւյնպես տանը իրեր ունես, որ արդեն մի քանի տարի է՝ չես օգտագործել, իսկ դրանք տեղ են զբաղեցնում՝ փոշի կուտակելով ու ցեցերի կերակուր դառնալով։ Կարծում ես՝ դրանք քեզ այլևս պետք չեն, բայց պիտանի են, թափելն էլ ափսոս է: Հենց շուկայի անցկացման ընթացքում կարող ես բերել դրանք, թողնել այլ նմանատիպ իրերի կողքին։
Այսպիսով, Ձրի շուկան դա մի վայր է, որտեղ կարող ես գտնել ու անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր և/կամ թողնել իրեր, որոնք է՛լ քեզ պետք չեն։ Միևնույն ժամանակ Ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու տեղ չէ։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ կարող ենք կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով, լավ ժամանակ անց կացնել մի բաժակ թեյի շուրջ ու քննարկել, թե ինչպես է սպառողական համակարգը կործանում շրջակա միջավայրը, բերում տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործման։
Եթե դուք չունեք բերելու ոչինչ, խնդիր չէ՝ այստեղ փոխանակությամբ չեն զբաղվում և գին չեն որոշում. պարզապես վերցրեք այն, ինչն այլևս պետք չէ տիրոջը։
Ձրի շուկայի ավելի հաճելի ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ «սկզբունք».
– եթե համարում եք, որ ձեր իրը պիտանի չէ օգտագործման համար, դեն նետեք այն, մի ծանրաբեռնեք այլոց։
– Եթե ձեր իրը թերի է, նշեք դրա թերությունները թղթիկի վրա և փակցրեք իրին․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում։
– Եթե բացի ձեզանից նույն իրն ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/օգտակար, «ղուշ թե գիր» կամ «չին-գա-չունգ» խաղալ, զիջել այն
Հարցերի դեպքում կարող եք զանգել՝ 093 402849 Անի, 091 309574 Արփինե
Ձրի շուկան կազմակերպում է Հայկական բնապահպանական ճակատը։ Դա քաղաքացիական նախաձեռնություն է, որը գործում է զուտ կամավորական հիմունքներով։