Թուրքմենստանում ոստիկանները հարկադիր բամբակահավաքի են ուղարկում աշխատանքային միգրանտներին, ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց, սեքս-աշխատանքով զբաղվող կանանց, նաև՝ պետաշխատողներին, զինվորներին, ուսուցիչներին և աշակերտներին․․․
Բամբակահավաքը Թուրքմենստանում շարունակվում է։ «Ազատլիք» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները շարունակում են հարկադրաբար դաշտեր ուղարկել պետաշխատողներին, զինվորներին, ուսուցիչներին։ Բալկանյան վիլայեթում հարկադիր աշխատանքների են ուղարկում նաև միգրանտներին, ոստիկանությունում որպես «հարբեցող», «մարմնավաճառ», «ալիմենտի պարտատեր» հաշվառված մարդկանց։
Ուժայինները նրանց բաժին են հրավիրում և պահանջում մասնակցել դաշտային աշխատանքներին։ «Ոստիկանությունը սա ուղղիչ աշխատանք է անվանում։ Ասում են՝ դա պատժի մաս է», – հղվելով իր անանուն աղբյուրին՝ գրում է ռադիոկայանը։
Սեպտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ գիշերակացով հարկադիր աշխատանքների են տարվում նաև դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները։ Բալկանյան վիլայեթում չեղարկվել են միջին և ավագ դպրոցների դասերը․ երեխաները հատուկ ավտոբուսներով տեղափոխվում են դաշտեր։
Ուսուցիչները, օրինակ, պարտավոր են օրական 60 կգ բամբակ հավաքել։ Ինչպիսին է աշակերտների համար սահմանված շեմը՝ աղբյուրը չի նշում։
Պետաշխատողները, ուսումնական հաստատությունների անձնակազմը, զինծառայողները հարկադիր աշխատանքների են տարվում նաև մյուս վիլայեթներում․ Թուրքմենստանում այս պրակտիկան զանգվածաբար կիրառվել էր նաև նախորդ տարիներին՝ ոչ միայն բամբակահավաքի, այլև աճեցման փուլում։
բամբակի դաշտը՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դիմանկարի ֆոնին, լուսանկարը՝ Թուրքմենստանի էկենոմիկայի նախարարության կայքից
Ոլորտում հարկադիր և մանկական աշխատուժի կիրառման մասին արդեն տարիների շարունակ ահազանգում են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
2018 թվականին՝ հիմնվելով ստկրական աշխատանքի մասին օրենքի վրա, ԱՄՆ-ն արգելել է Թուրքմենստանից բամբակի և բամբակյա իրերի ներկրումը։ Միացյալ Նահանգների աշխատանքի դեպարտամենտը եզրակացրել էր, որ Թուրքմենստանում բամբակահավաքն ընթանում է իշխանությունների կողմից հարկադիր աշխատանքների զանգվածային կիրառմամբ։
Responsible Sourcing Network-ի տվյալներով, 2021-ի օգոստոսի 10-ի դրությամբ 138 ապրանքանիշ միացել է միջազգային արշավին՝ պարտավորվելով հրաժարվել թուրքմենական բամբակի օգտագործումից։ Պաշտոնական և ոչ պաշտոնական պատժամիջոցները, սակայն, առ այսօր արդյունք չեն տալիս։
Թուրքմենստանը մնում է աշխարհում բամբակ արտահանող երկրների առաջին տասնյակում։ Այս տարի նախատեսվում է հավաքել ավելի քան 1 միլիոն 250 տոննա բամբակ։