Դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի Էդուարդ Աղաջանյանը։
«Ինչպես հայտարարել է Անվտանգության խորհուրդը՝ նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։
Բանակցությունների արդյունքում զինտեխնիկան և զորքերի մեծ մասը հետ են քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։
Տեղի ունեցածի արդյունքում վերը նշված հատվածում Ադրբեջանը ամրապնդել է սույն թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը։
Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում», – ասել է Աղաջանյանը։
Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները ամենօրյա բնույթ են կրում։ Այս իրավիճակը, ըստ նրա, ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության համար։
«Դեռևս սույն թվականի մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, ցավոք, մինչև օրս կյանքի չի կոչվել։
Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ համաձայն ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի»։
Դիմել ՄԱԿ-ին
Կոչերով են հանդես գալիս նաև հայաստանյան խոշոր ՀԿ-ները։ Ի տարբերություն պաշտոնյաների՝ նրանք առաջարկում ենք դիմել ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ՄԱԿ-ին։
«Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից», – ասված է հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։
Խաղաղությունը, ըստ ՀԿ-ների, չի կարող լինել միակողմանի գործընթաց․ «Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների»:
Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարությունից կազմակերպությունները պահանջում են անհապաղ ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին։
ՀԿ-ները պահանջում են նաև նշված կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի հետևանքները, «դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները», ինչպես նաև՝ «միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»:
Հայտարարությանը միացել են 17 ՀԿ-ներ, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբ, Երեւանի մամուլի ակումբը և այլն։
Հայաստանը դիմում է Ռուսաստանին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրել է, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։