Նախկին դաշնակցական, Ռոբերտ Քոչարյանի օրոք «անվտանգության հարցերով նախագահի խորհրդական», այժմ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է։
Քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, «գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է»՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին։
Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում նա հայտարարել է, իբր Ուկրաինայում Հայաստանի դեսպանը [Վլադիմիր Կարապետյանը] ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, իսկ 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն, «կասկածներ չունի»։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, ինչի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ Հայաստանի բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել։ Այդ կերպ ասած՝ Իսագուլյանը, ըստ ՔԿ-ի, հայ դիվանագետին հանիրավի մեղադրել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Գ.Ի.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»)։ Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:
«Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ Վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։