Սոցցանցերի հայաստանյան հատվածում ակտիվորեն քննարկվում է ռուսաստանցի ռեփեր Մորգենշտերնի օրերս չեղարկված համերգը, որ պիտի կայանար մարտի 11-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Չեղարկման պատճառն, ըստ համերգի կազմակերպիչների, իրենց հասցեին հնչած քննադատություններն ու սպառնալիքներն են։
23-ամյա կատարողը պոպուլյար է հատկապես դեռահասների շրջանում։ Այս տարի նա համալրեց ռուսաստանյան մշակութային գործիչների ցանկը, ովքեր պաշտոնյաների և նրանց սպասարկող լրագրողների կազմակերպած արշավի, քրեական գործի տակ հայտնվելու սպառնալիքի ներքո ստիպված են եղել լքել Ռուսաստանը։
Հունվարի 23-ին ռուսական Sputnik Armenia-ն հայտնել էր, որ Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է՝ չնայած, որ գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառված էին։ Լրատվամիջոցի պնդմամբ, չեղարկման պատճառը «հայ հանրության շրջանում առաջացած դժգոհությունն է»։
Համերգը կազմակերպող Prime Production-ի ներկայացուցիչ Է․ Հ․-ն, ով ցանկացել է անանուն մնալ, Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ, չնայած նախնական մեծաթիվ պատվերներին, չեղարկման օրվա դրությամբ սպառվել է տոմսերի չնչին մասը։
«Համերգն արդեն երկու օր է՝ չեղարկված է, բայց մտնում են մեր էջ ու ինչ ասես գրում են, անձնական տիրույթ են տեղափոխում»,- նշել է Է․ Հ․-ն և հավելել, որ հաշվեհարդար տեսնելու համար փնտրել են նաև իր տան տեղը:
Ընդդեմ Մորգենշտերնի աշավում աչքի էին ընկնում նաև հայաստանյան եկեղեցականները․ մեդիաներում տարածվում էին, օրինակ, Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Եզնիկ քահանա Մարդիրյանի ֆեյսբուքյան գրառումները։ Հոգևորականը, ի թիվս հազարումի այլ բանի, մեղադրում էր ռեփերին 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին ծաղրելու և հայհոյելու մեջ։
Համացանցում, սակայն, հայերին ծաղրող, վիրավորող կամ Ղարաբաղյան երկրորդ պատերազմին առհասարակ վերաբերող որևէ հայտարարություն, որ արվել է Մորգենշտերնի կողմից, fip.am-ին՝ «Փաստերի ստուգման հարթակին», գտնել չի հաջողվում։ Ինչի՞ վրա են հիմնվում հոգևոր հովվի մեղադրանքները՝ մինչև հիմա պարզ չէ։
Բացի այդ, Մորգենշտերնի որոշ քննադատներ նրան մեղադրում են «ադրբեջանցիների համար աշխատելու» մեջ։ «Այս պնդումը համապատասխանում է իրականությանն այնքանով, որ Մորգենշտերնը գործում է Atlantics Records Russia (նախկին Zhara Music) լեյբլի ներքո, որի հիմնադիրն ու համասեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա [մոսկվացի] Էմին Աղալարովն է, իսկ մյուս համասեփականատերը՝ նրա համերկրացի Բախտիյար Ալիևը», – գրել է fip.am-ը։
Համերգը չեղարկելու պահանջը, սակայն, ինչպես նախկինում՝ հիմնավորվում էր առավելապես այսպես կոչված «սատանիզմի» դեմ պայքարով։ Այս փաստարկը հայաստանյան լսարանին վաղուց է ծանոթ․ նույն դրոշի ներքո 2019-ին թվականին խափանում էին լեհական Vader դեթ մետալի խմբի համերգը և հարձակվում «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման մասնակիցների վրա։
Մորգենշտերնի գործունեությունը Ռուսաստանում և Ուկրաինայում սահմանափակված է պետական մակարդակով։ Երբ երգիչը մասնակցում էր իշխանական արշավներին, ռուսաստանյան ուժայինները նրա երգերում որևէ խնդիր չէին տեսնում։ Երբ դադարեց հրապարակայնորեն լոյալություն ցուցաբերել գործող ռեժիմին, հայտնվեց ուժային կառույցների խոշորացույցի ներքո։ Այժմ նրան կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում՝ «իր երգերում անչափահասների շրջանում թմրանյութերի քարոզի» մեղադրանքով։ Ամռանը նա «թմրանյութերի պրոպագանդայի» համար տուգանվել է 100 հազար ռուբլու չափով։ Պաշտոնյաները թմրանյութերի քարոզ են համարել Մորգենշտերնի հարցազրույցներում հոգեմետ նյութերի հիշատակումը։ Ըստ երգչի՝ նա հաղթահարել է այդ մոլուցքը և «մաքուր է»։
Անցյալ տարի արգելվել է Մորգենշտերնի ցանկացած երաժշտական գործունեություն նաև Ուկրաինայում, քանի որ, ըստ Ուկրաինայի անվտանգության հատուկ ծառայության, նրա երգերը «քարոզում են բռնություն և վտանգ են երկրի ազգային անվտանգության համար»։
Հայաստանի տարածքում, փոխարենը, Մորգենշտերնի գործունեության անցանկալի կամ արգելված լինելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի եղել։