Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նույնասեռական երեխաների ծնողներին կոչ է արել դատապարտելու փոխարեն աջակցել նրանց։ Պապի հայտարարությանը նախորդում է Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու ավելի քան 120 ներկայացուցիչների քամինգ-աութը, որով ազդարարվել է նոր՝ OutInChurch շարժում մեկնարկը․ նպատակն է՝ վերջ տալ եկեղեցու կողմից քվիր մարդկանց նկատմամբ խտրականությանը։
Երկուշաբթի Գերմանիայում շուրջ 125 եկեղեցական աշխատողների հայտարարությունից հետո վիրտուալ տիրույթում սկսվել է «OutInChurch» նախաձեռնությունը։ Այն նպատակ ունի եկեղեցում ապահով տարածք ստեղծել ԼԳԲՏ+ մարդկանց համար։ Նախաձեռնողները բոլոր քվիր եկեղեցականներին կոչ են անում միանալ շարժմանը։
OutInChurch-ը գլխավորապես պահանջում է ԼԳԲՏ+ մարդկանց հնարավորություն ընձեռնել ապրելու, եկեղեցական գործունեություն ծավալելու և բոլոր արարողակարգերին մասնակցելու՝ առանց խտրականության և սպառնալիքների։ Ըստ նախաձեռնության, եպիսկոպոսները որպես եկեղեցու ներկայացուցիչներ պետք է ընդունեն քվիր համայնքին երկարատև տառապանքներ պատճառելու պատմական մեղքը և վերցնեն փոփոխությունների գնալու պարտականությունը։
Արդեն հունվարի 26-ին Ֆրանցիսկոս պապը խոսել է քվիր երեխաների և նրանց ընտանիքների մասին, նշելով, որ տարբերվող սեռական կողմնորոշում ունեցող երեխաների ծնողները պետք է կանգնեն նրանց կողքին՝ քննադատական պահվածքի հետևում թաքնվելու փոխարեն։ Հոգևորականը նախկինում ևս ասել է, որ նույնասեռականները պետք է ունենան սեփական ընտանիքում ընդունված լինելու իրավունք։
Ըստ Պապի, չկարողանալով ընդունել միասեռ ամուսնությունները, եկեղեցին, թերևս, կարող է աջակցություն ցուցաբերել քաղաքացիական միության օրենքներին, որոնք ԼԳԲՏ+ անձանց շնորհում են միակցված իրավունքներ՝ կենսաթոշակային, առողջապահական և ժառանգության ոլորտներում։
2020-ի հոկտեմբերին ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու հետ հարցազրույցում Ֆրանցիսկոսը նշել էր, որ սեռական կողմնորոշումը չպետք է խանգարի մարդուն հոգևորական դառնալ, և կոչ էր արել քրիստոնյաներին՝ նախորդ տարիների հետապնդումների համար ներողություն խնդրել նույնասեռականներից։ Հարցազրույցի ժամանակ նա առաջարկել էր ընդունել քաղաքացիական միության մասին օրենքներ։