2014 թվականին Ղարաբաղում 22 տարվա ազատազրկման դատապարտված և 2020 թվականի վերջին Բաքու վերադարձված Շահբազ Գուլիևն այսօր բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի նախագահական նստավայրի դիմաց՝ փորձելով ինքնահրկիզվել։ Այս մասին հայտնում է Infoteka 24 գործակալությունը և Meydan TV-ի լրագրողը՝ իր թվիթերյան էջում։
Գործակալության փոխանցմամբ՝ Գուլիևը կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն։ Նա պահանջում է ընդունել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը, ինչից հետո նրանք Գուլիևին տարել են անհայտ ուղղությամբ։
Գուլիևը փողոց էր դուրս եկել նաև ապրիլին։ Նա պնդում էր, որ չի կարողանում հաշմանդամության կարգ և վետերանի կարգավիճակ ստանալ, ունի բազում պարտքեր ու առողջական խնդիրներ, դիմել է տարբեր տեղեր, սակայն ոչ մի տեղ չեն օգնել։
Հարկ է նշել, որ նույն պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ադրբեջանցի վետերանները։ Շատերը ինքնասպան են լինում կամ ինքնահրկիզվում պետական գերատեսչությունների շենքերի դիմաց։
Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 30֊ին ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա և ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ։
Ղարաբաղի պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քելբաջարում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի այդ, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել 37-ամյա Կարինե Դավթյանին։
2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը վերադարձվել էին Ադրբեջան։