Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նակին անդամ, նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Քվեարկության մասնակցել են բացառապես Հովակիմյանը նախկին թիմակիցները։
«Պարոն Հովակիմյանը զբաղվել է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման օրվանից, և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար: Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով:
Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից», – Ազգային ժողովի այսօրվա նիստի նախաշեմին հայտարարել էին ընտրական բարեփոխումներին մասնակցած, ընտրական գործընթացները մշտադիտարկող իրավապաշտպան կազմակերպությունները։
Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ իրավապաշտպանները հիշեցրել էին նաև Հովակիմյանի անցած կասկածելի ճանապարհի մասին․
«Անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող մասնակցային գործընթացներին»։
Իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական՝ շեշտել էին իրավապաշտպանները։
«Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի»:
Չնայած տեղական և միջազգային կազմակերպությունների առարկություններին, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների շրջանում «դեմ» քվեարկողներ չկային։ Հովակիմյանը ԿԸՀ նախագահ ընտրվեց 6 տարի ժամկետով՝ 65 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։