Home / Բնապահպանություն / Նախարարին առաջարկում են քննարկել նոր օրենքի անհասանելի տարբերակը

Նախարարին առաջարկում են քննարկել նոր օրենքի անհասանելի տարբերակը

Բնապահպանական կազմակերպությունները առաջարկում են շրջակա միջավայրի նախարարին կազմակերպել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում։

«Հարգելի պարոն Սիմիդյան, սույն թվականի հունվարի 19-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց, որպեսզի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչ ՀՀ կառավարության հաստատմանն ուղարկելը ևս մեկ անգամ քննարկվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-raft.am կայքում հրապարակված է օրինագծի հին տարբերակը: Օրինագծի նոր՝ լրամշակված տարբերակը հասանելի չէ լայն հասարակության համար:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքը հզոր գործիք է կոմերցիոն գործունեության ռիսկերը կառավարելու համար, որոնք ունեն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Նոր օրենքը պետք է լինի այնպիսին, որ խուսափի նախագծերի ազդեցության գոտում ապրող մարդկանց կարծիքները շահարկելու հնարավորությունից, պետք է լինի հստակ, առանց երկիմաստ դրույթների: Սա արդիական խնդիր է հատկապես այն պարագայում, երբ Հայաստանը պատերազմ է հայտարարել կոռուպցիայի դեմ, երբ պետք է բարձրացնել վստահության նշաձողը հակասական շահեր ունեցող կողմերի միջև։

Դիմում ենք Ձեզ, որպեսզի մինչև ՀՀ կառավարություն ուղարկելը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվի e-draft.am կայքում, որպեսզի քաղաքացիական հասարակությունը կարողանա ծանոթանալ օրինագծի լրամշակված տարբերակին և կազմակերպել հանրային քննարկում օրինագծի վերաբերյալ՝ լսելու շահագրգիռ հասարակության դիտարկումները»:

ԷկոԼուր
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Հայաստանի անտառներ