Ադրբեջանում կարանտինը նորից երկարաձգվել է, այս անգամ՝ մինչև մայիսի 1-ը։ Երկրի ցամաքային սահմանները արդեն 3 տարի է՝ փակ են։ Եվ կշարունակեն փակ մնալ։
JAM News-ի փոխանցմամբ, քովիդ-համավարակի հատուկ ռեժիմով նախատեսված սահմանափակումներից Ադրբեջանում շարունակում է գործել միայն մեկը՝ ցամաքային սահմանների փակ լինելը։ Մուտքը Ադրբեջան և ելքը երկրից հնարավոր է բացառապես օդային ճանապարհով։ Բացառություն է արվել միայն Նախիջևան-Թուրքիայի սահմանի համարը, որը, սակայն, կարող են հատել բացառապես Նախիջևանի գրանցում ունեցող ադրբեջանցիները։ Թե ինչ կապ ունի այս տրամաբանությունը համաճարակային ներկա դրության հետ՝ պարզ չէ։
«Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդներից Նատիկ Ջաֆարլին շեշտում է՝ Ադրբեջանը միակ երկիրն է, որ համաճարակային ճգնաժամից հետո չի բացել սահմանները. «Ամբողջ աշխարհն արդեն հրաժարվել է այս աբսուրդից՝ կարանտին, կորոնավիրուս, սահմանափակումներ․․․ Ցամաքային փակ սահմաններով այլ երկիր աշխարհում չի մնացել։ Նույնիսկ Թուրքմենստանի և Հյուսիսային Կորեայի սահմանները փակ չեն, դրանք հնարավոր է հատել հատուկ թույլտվություններով»։
Ադրբեջանի գրեթե բոլոր հարևանները վաղուց բացել են սահմանները։ Վրաց-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական սահմանները փակ են հենց ադրբեջանական կողմից։ Ավելի քան 30 տարի է՝ փակ է նաև հայ-ադրբեջանական սահմանը։
Ցամաքային բլոկադա
Ադրբեջանում ոչ ոք առանձնապես չի հավատում, որ այս սահմանափակումները պայմանավորված են քովիդով՝ գրում է ԲիԲիՍին։ Ոմանք համարում են, որ փակ սահմանները ինչ-որ կերպ կապված են Ղարաբաղի հարցի հետ (թե ինչպե՞ս՝ պարզ չէ), մյուսները կարծում են, որ այսկերպ Բաքուն զսպում է Ռուսաստանից գաղթողների ներհոսքը․․․
Հազարավոր ադրբեջանցիներ և վրացիներ արդեն 3 տարի է՝ զրկված են ճամփորդելու, հարազատներին այցելելու հնարավորությունից։ Փակ սահմանները հարվածել են նաև միջին և մանր բիզնեսին՝ հարյուրավոր առևտրականների զրկելով եկամուտի աղբյուրից։
Թամարն ու Ամիրամը (անունները փոխված են) արդեն 4 տարի է՝ դստերը չեն տեսել, պատմում է ԲիԲիՍիի լրագրողը։ Նրանց աղջիկն ապրում է ընդամենը 200կմ հեռավորության վրա, վերջերս երեխա է ունեցել, բայց տատիկն ու պապիկը նրան տեսակցելու հնարավորություն չունեն։ Թամարն ու Ամիրանը վրացիներ են, ապրում են սահմանամերձ Կախ քաղաքում (Ադրբեջանի հարավ): Մինչև համաճարակը տարեկան երկու-երեք անգամ գնում էին Վրաստան։ Այժմ դա հնարավոր է անել միայն օդանավով։
2020 թվականից չի գործում նաև Կախից Բաքու գնացքը։ Այսինքն, Վրաստան հասնելու համար տարեց ամուսինները նախ պետք է 400 կմ ճանապարհ անցնեն՝ ավտոբուսով Բաքու հասնելու համար։ Օդանավի տոմսն էլ մոտ 300 մանաթ (176 դոլար) արժի, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան Թամարի ամսական աշխատավարձն է։
«Առաջ ճանապարհը մոտ մեկ աքլորի գնի էր, մի հատ աքլոր ես վաճառում՝ հասնում ես Վրաստան։ Հիմա Վրաստան գնալու համար պետք է մի լավ ցուլ ծախել», – ասում է Ամիրանը։
Մարդիկ նույնիսկ թաղման չեն կարողանում գնալ՝ նշում է Թամարը․ «Համաճարակի ժամանակ հայրս մահացել էր, հարազատ քույրս նույնիսկ թաղմանը չկարողավ գալ»։
Սահմանի փակ լինելը Կախում մարդկանց զրկել է նաև ապրուստի միջոցներից․ ոմանք այստեղ առևտրով էին զբաղվում, ոմանք՝ Վրաստանից ավտոներ կամ ավտոմասեր ներկրում, ոմանք՝ աշխատում տուրիզմի հաշվին։
Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում մոտ 10 հազար վրացի է ապրում՝ բնակչության շուրջ 0․1 տոկոսը։ Վրաստանում ապրում է ավելի քան 233 հազար ադրբեջանցի․ 2014-ի մարդահամարի տվյալներով, ադրբեջանցիները Վրաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են՝ ընդհանուր բնակչության 6․3 տոկոսը։
Նրանցից շատերն ապրում են Վրաստանի Քվեմո-Քարթլիի մարզում՝ երկրի հարավ-արևելքում։ Այնտեղ, ի տարբերություն ադրբեջանական Կախից, Բաքվի քաղաքանությունից բողոքում են գրեթե բոլորը։
«Այստեղ ամեն ինչ մեռել է»
Կարմիր կամուրջ անցակետի մոտ՝ վրացական կողմից, առաջ կյանքը եռում էր՝ առևտրականների տաղավարներ, մարդատար ավտոբուսներ, տաքսիստներ։ Տեղացիներից շատերը զբաղվում էին առևտրով, հիմնականում մթերք էին ներկրում և արտահանում։ Այժմ Կարմիր կամուրջը դատարկվել է։
«Այստեղ ամեն ինչ մեռել է», – ԲիԲիՍի-ի լրագրողին ասում է տեղացի տաքսիստներից մեկը։
Մյուսը պատմում է, որ մոտ 1000 լարի (380 դոլար) է վճարել՝ օդանավի տոմս գնելու և կողքի սահմանամերձ գյուղից բարեկամների երեխային Վրաստան հասցնելու համար։
«Այստեղից ընդամենը 2 կմ է, 2 կմ էլ՝ մինչև իրենց հասնելը։ Ես ոտքով էի նրանց մոտ գնում, իսկ հիմա չեմ կարող», – ասում է տղամարդը։
Վրացական Մարնեուլիում (բնակեցված է հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով) բողոքում են գրեթե բոլորը։ Սահմանի տարբեր կողմերում ապրող բարեկամները իրար տեսնելու հնարավորություն չունեն՝ ոչ թաղման են կարողանում գնալ, ոչ հարսանիքի, ոչ բուժման։
«Ինչո՞ւ է Ադրբեջանը մեզ՝ սեփական քաղաքացիներին, այսքան տանջում, – հարցնում է Մարնեուլիում աշխատող վաճառողուհին․ – Եթե պատճառը կարանտինն է, ինչո՞ւ չի կարելի մենակով սահման հատել, բայց կարելի է հարյուր հոգով օդանավ խցկվել»։
Նման իրավիճակում է նաև 68-ամյա Թելմանը։ Նրա բարեկամների մեծ մասը Բաքվում է ապրում, վերջին անգամ հարազատներին տեսել է 3 տարի առաջ․ «Մամաս 95 տարեկան է, եթե մեռնի՝ չեմ կարողանա գնալ», – ասում է տղամարդը։
Ռուստավին՝ խորհրդային Վրաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը, այժմ հայտնի է որպես հին մեքենաների վաճառքի կենտրոն։ Ադրբեջանցիները տարիներով այստեղից էին մեքենա առնում։
Ազատաթը արդեն 8 տարի է՝ ավտոշուկայում է աշխատում։ ԲիԲիՍի-ի հետ զրույցում դժգոհում է՝ գնորդները քչացել են։ Ո՞վ այդքան փող ունի, որ մեքենան էվակուատորով տանի, ինքն էլ օդանավով գնա-գա։
Սահմանների փակ լինելը լոգիստիկ խնդիրներ է ստեղծել նաև այլ երկրների համար՝ փոխադրումները բարդացել են։ Առաջ մեքենաները Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան էին հասնում Ադրբեջանի տարածքով՝ հարթավայրերով և լավ ճանապարհներով, այժմ դրանք փոխադրվում են Վերին Լարսի նեղ լեռնային ճամփեքով։ Լասը՝ Հայաստանի հիմնական առևտրային ճանապարհը, էլ ավելի է ծանրաբեռնվել։
Թանկանոց ավիատոմսեր
Նախահամաճարակային ժամանակների համեմատ Ադրբեջանից Վրաստան (և հակառակ ուղղությամբ) ճամփորդողների թիվը մի քանի անգամ կրճատվել է։ Ավիացիոն ուղևորափոխադրումները աճել են։
Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019 թվականին Վրաստանից Ադրբեջան է գնացել 601 հազար մարդ, նրանցից միայն 11 հազարը (2 տոկոսից քիչ)՝ օդային ճանապարհով։ 2022-ին, երբ ցամաքային սահմանները փակ էին, Վրաստանից Ադրբեջան է գնացել ընդամենը 83 հազար մարդ։
Ադրբեջանից Վրաստան 2019 մոտ 1 միլիոն 35 հազար մարդ է գնացել, նրանցից միայն 16 հազարը (1.2 տոկոսը)՝ օդանավով։ 2022-ին Ադրբեջանից Վրաստան է հասել ընդամենը 128 հազար մարդ․․․
Բաքու-Թբիլիսի-Բաքու չվերթներ են իրականացնում ադրբեջանական պետական AZAL ավիաընկերությունը և վերջինիս պատկանող լոուքոսթերը՝ Buta Airways-ը։ Եթե 2017-ին շաբաթական մոտ 8 չվերթ էր իրականացվում, այժմ արդեն օրական 4 թռիչք է արվում։ Չնայած սրան, AZAL-ը, ըստ պաշտոնական հաղորդումները, դեռ մինուսային եկամուտ ունի։
Բաքվից Թբիլիսի ավիատոմսերը իրոք թանկ արժեն՝ ամենամատչելի տարբերակը (Buta Airways) 168 դոլար է։ Ադրբեջանում, հիշեցնենք, միջին աշխատավարձը չի գերազանցում 450 դոլարը։
Միջինից թանկ արժեն ոչ միայն դեպի Թբիլիսի, այլև գրեթե բոլոր ուղղություններով թռիչքները։ Ադրբեջանցի պատգամավորները ամիսներ առաջ բողոքում էին՝ նույնսիկ Երևանից Ստամբուլ հասնելն է ավելի էժան, քան «եղբայրական» Ադրբեջանից Թուրքիա գնալը։ Հունգարական WizzAir և թուրքական Pegasus լոուքոսթերների ներկայացուցիչները արդարացել էին՝ բարձր գները պայմանավորված են Բաքվի օդանավակայանի սպասարկման տարիֆներով։