Մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը լրացուցիչ մասնագիտական վերլուծության կարիք ունի, խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Մասնավորապես՝ դրա 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որը նախատեսում է տեղեկատվության մերժում, եթե այն «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք», ավելացվեցին «կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» բառերը։ Այս փոփոխությամբ, ըստ էության, խեղաթյուրվեց և արժեզրկվեց ամբողջ այդ օրենքը։
Նախ՝ առնվազն հստակ չէ, թե ինչ չափանիշներով է առանձնացվում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»-ը, և, բացի այդ, խիստ վիճահարույց է տվյալ սահմանափակման հիմնավորումը։ Ստացվում է, որ պետական կառույցներում շրջանառվող գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն որևէ գաղտնիություն չունի, կարող է բնութագրվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» պարունակող։ Փաստորեն, օրենսդրական այս փոփոխությամբ պաշտոնական տեղեկատվությունը մերժելու նոր հիմքեր են ստեղծվում։
Ճիշտ է, «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի հասկացություններում ներկայացված է, թե ինչ է նշանակում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն», և դրա կարգավորումներին մի ամբողջ գլուխ է նվիրված։ Բայց նախ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից օգտվողը պարտավոր չէ վերոհիշյալ հասկացության իմաստը փնտրել այլ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում։ Եվ ամենակարևորը՝ այդ հասկացության ձևակերպումը այնքան ընդհանրական է, որ դրա տակ ինչ ասես կարող է ընդգրկվել։ Այդ թվում՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության ստվերոտ կողմերը, բացթողումներն ու չարաշահումները, որոնք ժողովրդավարությանը ձգտող ցանկացած երկրում պետք է հասարակության ու մամուլի քննադատության թիրախ դառնան։ Իսկ հիմա դրանց մեծ մասը կարող է փակ մնալ։
Պաշտոնական տվյալների մատչելիության սահմանափակմանը, բացթողումների ու չարաշահումների կոծկմանն է ուղղված նաև շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծը։ Ըստ դրա՝ նույն տրամաբանությամբ խիստ սահմանափակվում է նաև բնապահպանությանը վերաբերող տվյալների տրամադրումը։ Հիշեցնենք նաև, որ անցած տարվա վերջից քննարկման է դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը լայն հնարավորություններ է տալիս ինֆորմացիոն ոլորտում կամայական և անհամաչափ սահմանափակումներ կիրառելու համար։
Այսպիսով, գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ ռեգրեսիվ շղթա։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ պետական մարմիններից պաշտոնական տվյալներ ստանալն առանց այն էլ անասելի բարդությունների հետ է կապված, և բազմաթիվ անհիմն մերժումների են բախվում և՛ անհատ քաղաքացիները, և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակական կազմակերպությունները։
Ընդ որում՝ այդ հետադիմական օրինագծերը, նախքան դրանց հրապարակելը կամ շրջանառության մեջ դնելը, պատշաճ չեն քննարկվել մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ՝ անցած տարվա ապրիլի 19-ին մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Հուշագիր ստորագրեցինք օրենսդիր մարմնի (ի դեմս ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի) և գործադիր իշխանության (ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի) հետ առ այն, որ ինֆորմացիոն ոլորտին վերաբերող օրենքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է իրականացվի այժմ մշակվող օրենսդրական բարեփոխումների Հայեցակարգի սկզբունքների հիման վրա՝ մասնագիտական քննարկումներ անցկացնելով գաղափարների ծագման փուլից սկսած։
Արձանագրում ենք, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները մի շարք դեպքերում իշխանությունների կողմից չեն պահպանվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք՝
– ՀՀ նախագահից՝ չստորագրել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և դրա հետ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, հատկապես ուշադրություն դարձնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությանը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու այդ փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը,
– Ազգային ժողովից և ՀՀ կառավարությունից՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագիծը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը հանել շրջանառությունից, դրանց վերաբերյալ նախաձեռնել լրացուցիչ ուսումնասիրություններ և լայն քննարկումներ փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև ուղարկել այդ փաստաթղթերը միջազգային փորձաքննության։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ