Բրյուսովում կրկին դասադուլ է, այս անգամ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնատարի նշանակման դեմ։
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Գյուրջինյանին ժ/պ է նշանակել նախօրեին ձևավորված ժամանակավոր խորհուրդը, որը նախագահում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և որի կազմի մեջ են մտնում արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի փոխղեկավար Զարուհի Մաթևոսյանը:
ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է՝ Լեզվի կոմիտեի նախագահը ժ/պ է նշանակվել մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։
Բուհի ռեկտորի պաշտոնը հունվարից թափուր է։ 2022-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններում առաջադրվել էին գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Դավիթ Գյուրջինյանը։ Հարությունյանը հաղթել էր։ Մինչ օրս նա չէր կարողանում ստանձնել բուհի ղեկավարի լիազորությունները, քանի որ ընտրության նիստի արձանագրությունը չէր ստորագրվել։
Արձանագրությունը պետք է ստորագրեր խորհրդի նախագահը՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը ընտրությունից երեք օր անց ազատվեց պաշտոնից։ Նույն օրը հրաժարական ներկայացրեց նաև կրթության նախարար Վահրամ Դումանյանը։ Բրյուսովի արդեն նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի աջակիցները պաշտոնանկությունները կապեցին ռեկտորի ընտրության հետ։
Արդեն դեկտեմբերի վերջին մի քանի քրեական գործեր հարուցվեցին։ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական վարույթներ առնչվում են ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանությանը և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքներին՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Նույն գանգատով ավելի վաղ դատարան էր դիմել նաև Գյուրջինյանը։ Ռեկտորի նշանակման գործընթացը կասեցվեց։
Այս պահին բուհում դասադուլ է։ Կարինե Հարությունյանի թեկնածությանն աջակցող դասախոսներն ու ուսանողները դեմ են Գյուրջինյանի նշանակմանը, նրանք կարծում են, որ իշխանությունը ամեն գնով առաջ է տարել իր թեկնածուին, որպեսզի կյանքի կոչի Բրյուսովի ու Մանկավարժական համալսարանների միավորման նախաձեռնությունը։ Նախկին ռեկտորը բուհերի խոշորացմանը դեմ էր։ Անցյալ տարվա հոկտեմբերին համալսարանում դասադուլներ և բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, միավորման գործընթացը փաստացի սառեցվեց։
ԿԳՄՍՆ-ն հավաստիացնում է, որ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման հետ և շեշտում՝ Բրյուսովի միավորման հարց այս պահին չի քննարկվում: