Սինգապուրը՝ փոքրիկ կղզի-պետություն Հարավարևելյան Ասիայում, ամենից հաճախ հիշատակվում է ազատ շուկայի գաղափարի հաջող իրագործման և քաղաքական ազատությունների բացակայության պայմաններում նախանձելի տնտեսական աճի համատեքստում։ Սինգապուրով հիանում են մի կողմից ժողովրդավարության քննադատները, մյուս կողմից՝ արմատականության տարբեր աստիճանի ազատականները՝ սոցիալ-լիբերալներից մինչև լիբերտարիանականներ։ Այն գովաբանում են ցածր հարկերի, կոռուպցիայի բացակայության, բարենպաստ մրցակցային և բիզնես միջավայրի, մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության, օտարերկրյա ներդրումային գրավչության և նույնիսկ ավտորիտար կառավարման մրցունակության համար։ Ընդգծվում է, որ Սինգապուրում իրագործված է պետության՝ տնտեսությանը չմիջամտելու սուրբ սկզբունքը, և հաջողությամբ գործում են շուկայի ինքնակարգավորման մեխանիզմները։
Թե ինչու են այս պատկերացումները խիստ չափազանցացված և որտեղից են աճում սինգապուրյան շուկայի անտեսանելի ձեռքերը՝ բացատրում է տնտեսագետ Օլեգ Կոմոլովը։
— Ատլանտը վերջապես պարզեց իր թևերը և երբեմնի աղքատ, հետամնաց և ռեսուրսներից զրկված երկրին բարձրացրեց տնտեսական Օլիմպոսի գագաթին: Սինգապուրի տնտեսական կառուցվածքի վերլուծությունը, սակայն, հանգեցնում է հակադիր եզրակացությունների, որոնք լիբերալներին զրկում են իրենց սիրելի փաստարկներից։
Սինգապուրը մոտ 6 մլն բնակչություն ունի: Ըստ ֆորմալ չափանիշների՝ այն դասվում է զարգացած տնտեսությունների շարքին։ Սինգապուրի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով տարեկան ավելի քան 100 հազար դոլարի է հասնում՝ աշխարհում չորրորդ լավագույն ցուցանիշը։ Տնտեսության առաջատար ոլորտներն են էլեկտրոնային բաղադրամասերի արտադրությունը և ֆինանսական հատվածը։
20-րդ դարի երկրորդ կեսից տնտեսական աճի բարձր տեմպեր գրանցելով՝ այժմ Սինգապուրն այսպես կոչված ասիական չորս տնտեսական վագրերից մեկն է համարվում։ Ինչպե՞ս ստացվեց, որ երկիրն այսքան նշանակալի տնտեսական թափ հավաքեց։ Սկսենք նրանից, որ Սինգապուրը երբեք էլ աղքատ չի եղել։ Այո, նրա տնտեսությունը զիջում էր առաջադեմ կապիտալիստական երկրներին, բայց 20-րդ դարի կեսերին մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Սինգապուրն առաջ էր, օրինակ, Իսպանիայից և Պորտուգալիայից, առավել ևս՝ իր ասիական-խաղաղօվկիանոսյան հարևաններից։
Նույնիսկ գաղութային կախվածության տարիներին չափազանց բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ Սինգապուրը Մեծ Բրիտանիայի ֆորպոստն էր Հարավարևելյան Ասիայում: Այն գտնվում է Մալակկա նեղուցում, որը Հնդկական օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ կապող հիմնական երթուղին է։ Նեղուցն ապահովում է հաղորդակցությունը աշխարհի ամենաբնակեցված պետությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի միջև։
Տարեկան կտրվածքով այստեղով անցնում են տասնյակ հազարավոր նավեր՝ սպասարկելով աշխարհի ծովային առևտրի մինչև մեկ քառորդը։ Այս կարևոր ռեսուրսը Սինգապուրին հնարավորություն է տալիս զարգացնել առևտուրը, նավաշինությունը, ներմուծումից կախված արտադրությունը և ֆինանսական ծառայությունները:
20-րդ դարում Սինգապուրի զարգացման վրա մեծապես ազդել է նաև Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև սառը պատերազմը: ԱՄՆ-ն որոշ պետություններում փորձում էր ստեղծել կապիտալիզմի ցուցադրական մոդելներ՝ ընդլայնելու համար իր ազդեցությունն ասիական տարածաշրջանում, որտեղ աճում էր կոմունիստական գաղափարների ժողովրդականությունը։ Ամերիկյան ներդրումների հսկայական հոսքը դեպի Սինգապուր, Հոնկոնգ, Հարավային Կորեա, Թայվան և Ճապոնիա պայմանավորված էր նախևառաջ այս մտադրութմաբ։ Միացյալ Նահանգները միտումնավոր բացեց նաև իր շուկան՝ տեղական ապրանքների առջև:
Միայն 2017 թվականին ԱՄՆ ներդրումները Սինգապուրում գերազանցել են 270 միլիարդ դոլարը, ինչը գրեթե համարժեք է երկրի տարեկան ՀՆԱ-ին։ Միևնույն ժամանակ, Սինգապուրի արտաքին պարտքը կազմում է մոտ 600 մլրդ դոլար։ Այն մարելու համար երկիրը պետք է իր պարտատերերին տա երկու տարվա ամբողջ ազգային եկամուտը։ Այս ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից մեկն է։
Շուկայական ազատությունների շրջանակն այստեղ իսկապես լայն է: Համաշխարհային բանկի՝ բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում Սինգապուրը երկրորդ տեղն է զբաղեցնում: Նրա գլխավոր առավելությունը հարկերի ցածր մակարդակն է։ Հարկերը կազմում են տարեկան ՀՆԱ-ի ընդամենը 16 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշը Ֆրանսիայում 56, իսկ Ռուսաստանում՝ 34 տոկոս է։
Փոքր բյուջեն պետությանը թույլ չի տալիս պայքարել անհավասարության դեմ։ 2018 թվականին Սինգապուրը անհավասարության դեմ պայքարի արդյունավետության ինդեքսով [Oxfam report, 2018] 157 երկրների շարքում 147-րդ տեղն է զբաղեցրել` զիջելով անգամ Բանգլադեշին: Վարկանիշի հաշվարկման ժամանակ դիտարկվել են հետևյալ ցուցանիշները՝ կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ծախսերը, հարկային համակարգի արդյունավետությունը, աշխատանքային իրավունքները։
Մի խոսքով՝ Սինգապուրը ներդրել է ազատ շուկայի բոլոր առանցքային ինստիտուտները։ Այն կապիտալի շահը բացահայտորեն վեր է դասում աշխատավորների շահերից։ Գուցե սա՞ է բարգավաճման գաղտնիքը՝ տնտեսական զարգացման համար հարկավոր է բարենսպաստ ներդրումային միջավայր ստեղծել, ոչ թե տանջել բիզնեսին, և մրցակցությունը շուկայական ուժերին թույլ կտա լուծել տնտեսական բոլոր խնդիրները։ Բայց սա Սինգապուրում նույնպես չի աշխատում:
Սինգապուրի տնտեսությունը մոնոպոլիզացված է։ Օրինակ, տնտեսության առանցքային ճյուղերից մեկը՝ ֆինանսական համակարգը, բաժանված է երեք բանկերի միջև։ Կապի շուկան վերահսկվում է երեք ընկերությունների կողմից, որոնցից ամենամեծի մասնաբաժինը գերազանցում է 50 տոկոսը։ Ամենամեծ ավիաընկերությունը գրավել է շուկայի մեկ երրորդը և վերահսկում է փոքր մրցակիցների կապիտալը: Ծխախոտի շուկան ևս բաժանված է մի քանի խոշոր ընկերությունների միջև։ Այս օրինակներն ավելի շուտ կանոն են, քան բացառություն:
Ամեն դեպքում, դրանք խամրում են մեկ կարևոր փաստի կողքին՝ Սինգապուրի տնտեսության առաջատար ոլորտների մեծ մասի սեփականատերը Ասիայի խոշորագույն ներդրումային ընկերությունն է՝ Temasek-ը, որի պորտֆելը ներառում է 230 մլրդ դոլարի արժեթղթեր բանկային հատվածում, հեռահաղորդակցային ենթակառուցվածքներում, լրատվամիջոցներում, տրանսպորտում, պաշտպանության, նավաշինության և անշարժ գույքի ոլորտներում։ Այս ոլորտները ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը:
Եվ ֆինանսական այս հսկայի միակ սեփականատերը պետությունն է։ Տեղական իշխանությունն իր տրամադրության տակ ունի ևս 360 մլրդ ԱՄՆ դոլարի սուվերեն ֆոնդ, որը նախատեսված է ֆինանսական հատվածում, արտադրության մեջ և ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար։
Երկրի քաղաքացիների 80 տոկոսն ապրում է պետական ներդրումների շնորհիվ կառուցված բնակարաններում, քանի որ Սինգապուրի բոլոր հողային ռեսուրսները պետական սեփականություն են։ Կառավարության վերահսկողության տակ գտնվող հիմնադրամների ընդհանուր ծավալը երկրի երկու տարվա ՀՆԱ-ն է կազմում։ Ահա և ազատ շուկա:
Բայց սա չի նշանակում, որ Սինգապուրի տնտեսության մեջ գերիշխում է հասարակական հատվածը։
Կառավարությունը «Temasek» հիմնադրամը դիտարկում է որպես արտոնյալ մասնավոր ընկերություն, որի շահույթը բաշխվում է կապիտալիստական ձևով։ Դատելով Սինգապուրի բյուջեի համեստ չափերից և սոցիալական անհավասարության բարձր մակարդակից՝ այն չի դառնում սոցիալական և տնտեսական հակասությունները հարթելու գործիք։
Սինգապուրի տնտեսական մոդելում իսկապես կան ազատ շուկայի բազմաթիվ տարրեր։ Բայց այն օրինակելի համարելուց առաջ հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ այլ գործոններ՝ բարենպաստ աշխարհագրական դիրք, հսկայական օտարերկրյա ներդրումներ և արտաքին պարտք, ազատ մուտք դեպի արտաքին շուկաներ, կապիտալի կենտրոնացում, սոցիալական անհավասարություն, ակտիվների կառավարմանը պետական զգալի մասնակցություն և այլն։ Վերջում կստանանք մի ուտեստ, որի շուկայական բաղադրիչը քիչ նշանակություն ունի և գրեթե ավելորդ է։