Home / Մեդիա / Ազատ Լեհաստան, ազատ ժողովուրդ, ազատ մեդիա

Ազատ Լեհաստան, ազատ ժողովուրդ, ազատ մեդիա

Կիրակի օրը Լեհաստանի քաղաքներում և մայրաքաղաք Վարշավայում՝ նախագահական պալատի մոտ, բազմահազարանոց ցույցեր էին։

«Ձեռքերը քաշեք TVN-ից» և «Ազատ Լեհաստան, ազատ ժողովուրդ, ազատ մեդիա» պաստառներով ցուցարարները նախագահից պահանջում են վետո դնել օրենքի վրա, որը, ըստ նրանց, սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը։

Նոր օրինագիծը խստացնում է ԶԼՄ-ների՝ օտարերկրյա սեփականության իրավունքի կանոնները, ինչը մեծապես ազդելու է ամերիկյան Discovery Inc-ին պատկանող TVN24 ընդդիմադիր հեռուստաալիքի գործունեության վրա:

Օրինագիծը, որը դեռ պետք է ստորագրի նախագահ Անջեյ Դուդան, ըստ ամերիկյան աղբյուրների՝ բացասական ազդեցություն է ունենալու նաև ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա։ «Սա միայն մեկ հեռուստաալիքի խնդիր չէ, – հավաքվածներին ասել Վարշավայի քաղաքապետը և նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Ռաֆալ Տրզասկովսկին․ – Ժամանակ կգա, երբ կլինի նաև համացանցի գրաքննություն, տեղեկատվության բոլոր անկախ աղբյուրները լռեցնելու փորձ»:

Իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ օտարերկրյա լրատվամիջոցները չափազանց մեծ իշխանություն ունեն երկրում և խեղաթյուրում են հանրային քննարկումների բովանդակությունը:

Քննադատներն ասում են, որ օտարերկրյա մեդիա խմբերի դեմ ուղղված քայլերը ավտորիտար օրակարգի մի մասն են․ ԼԳԲՏ իրավունքների և դատական բարեփոխումների շուրջ Վարշավայի և Բրուսելի միջև արդեն իսկ լուրջ տարաձայնություններ կան։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ էր արել Դուդային պաշտպանել խոսքի ազատությունը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու ազատությունը, սեփականության իրավունքը և անկողմնակալ վերաբերմունքը։ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեհաստանում այսօր ընդունված օրենքից, որը խաթարում է խոսքի ազատությունը, թուլացնում ԶԼՄ-ների ազատությունը և վնասում օտարերկրյա ներդրողների վստահությունը իրենց սեփականության իրավունքների և Լեհաստանում կնքված պայմանագրերի նկատմամբ», – հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը։