Մշտապես խցանված և պարբերաբար փակվող Վերին Լարսը մինչ այս Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների միակ ճանապարհն էր։ Հայաստանի կառավարությունն այժմ պնդում է, թե բեռնափոխադրողները կկարողանան ապրանքները Ռուսաստան և այնտեղից՝ Հայաստան տեղափոխել նաև ծովային ճանապարհով։
Գործադիրի այսօր ընդունած որոշմամբ փոխադրման ծախսը կփոխհատուցվեն։
Երթուղին անցնում է հարևան Վրաստանով․ ռուսական Նովոռոսիյսկից բեռները կհասնեն վրացական Բաթումի, և հակառակ ուղղությամբ։ Հնարավոր է՝ օգտագործվի նաև Փոթիի նավահանգիստը։
Հայաստանի կառավարությունը պնդում է, որ առաջիկայում նավերը ծով դուրս կգան շաբաթական առնվազն մեկ անգամ։ Ընկերություններն իրենց ապրանքները նավով Ռուսաստան հասցնելու համար չեն վճարի, պետությունը յուրաքանչյուր փոխադրման համար օպերատոր ընկերությանը 120 միլիոն դրամ է փոխանցելու՝ անկախ նրանից, թե ինչ քանակի ու քանի ընկերության բեռ է տեղափոխվում։
Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային բեռնափոխադրումների մեկնարկի մասին Երևանից հնչող պնդումները Թբիլիսին ավելի վաղ հերքել էր։ Վրաստանից հայտարարել էին, թե ապրիլին Բաթումիից Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ ընդամենը երկու չվերթ է իրականացվել, այդ փոխադրումները կանոնավոր չեն։ Հայաստանյան կողմի հայտարարությունները Վրաստանի խորհրդանի խոսնակը նույնիսկ ֆեյք էր որակել։
Ռուսաստանի և Վրաստանի մեջև դիվանագիտական հարաբերությունները վաղուց կասեցված են, չճանաչված Աբխազիայով անցնող ճանապարհները Վրաստանը շրջափակել է, փոխադրումների մասին լուրերը վրաց ընդդիմադիրները դիտարկում են որպես երկրի իշխանություններին ռուսամետության մեջ մեղադրելու ևս մեկ առիթ։
Փոխհատուցելու այս որոշումն առաջիկա երեք ամիսներին է վերաբերում․ գրեթե 15 շաբաթների ընթացքում Կառավարությունը օպերատոր ճանաչված C&M International-ին ավելի քան 4 միլիոն դոլար կփոխանցի։
Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ ծովային կապ ունենալու որոշումները դեռ անցած տարի էին ընդունվել։ Ի սկզբանե հայտարարվում էր Փոթիի նավահանգիստն օգտագործելու մասին։
«Մենք ամեն օր ենք սպասում և ամեն օր ենք ուզում դա անել, մենք ընդհանրապես նախատեսում էինք, որ հունիսի կեսից պետք է դա գործարկվի, բայց այդտեղ էլ խնդիրները էլի ընդհանուր իրավիճակի, պատժամիջոցային գործողությունների հետ են կապված», – նշել է Հայաստանի վարչապետը։
Ըստ նրա, Փոթիի նավահանգիստը շահագործող հոլանդական ընկերության հետ համաձայնության հասնել չէր ստացվում, ընկերությունից ասում էին, թե հետևում են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։ Դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու անհրաժեշտ թույլտվություններ ստանալ չէր հաջողվում։