44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գաղտնալսել են հայաստանցի լրագրողներին, իրավապաշտպաններին, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաներին։
Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան ու մի շարք այլ կազմակերպությունների այսօր հրապարակած զեկույցում նշվում է, որ Հայաստանում առնվազն 12 հոգի Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում է հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Հետաքննության մասնակիցները ենթադրում են, որ հետապնդումների պատճառ կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Սա պատերազմում Pegasus լրտեսական ծրագրի օգտագործման փաստագրված առաջին ապացույցն է։ Մինչ այս բացահայտվել էր, որ իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործվել է Ադրբեջանի կառավարության կողմից՝ ադրբեջանցի հարյուրավոր ընդդիմադիր գործիչներին, իրավապաշտպաններին և ակտիվիստներին հետևելու համար։
«Փաստորեն ապացուցվում է, որ կան էսպիսի կիբեռզենքեր, լրտեսական ծրագրեր վաճառող ընկերություններ, որոնք իրենց ծրագրերը վաճառում են ոչ թե հանցագործներին ու ահաբեկիչներին բռնելու, այլ որպեսզի լրտեսեն լրագրողներին, որպեսզի հետևեն իրավապաշտպաններին», – մեկնաբանել է անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
Պապյանը մասնակցել է հետաքննությանը և արձանագրում է՝ սա միջազգային հումանիտար իրավունքի լրջագույն խախտում է, և Հայաստանի իշխանությոնները պետք է կոնկրետ հետևություններ ու գործողություններ անեն։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Apple-ը նոյեմբերին ծանուցումներով զգուշացրել է իր օգտատերերին, որ հնարավոր է՝ նրանք թիրախավորվել են պետության կողմից հովանավորվող լրտեսական ծրագրերի միջոցով: Առաջին զոհերից էր այդ ժամանակ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ում հեռախոսը հարձակման է ենթարկվել առնվազն 27 անգամ։
Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան պարզել է, որ Pegasusով վարակված են եղել նաև «Ազատություն» ռադիոկայանի երկու լրագրողների՝ Կարլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները։ Գաղտնալսվել է Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը, ընդդիմադիր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ArmNews TV-ի համահիմնադիր, նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Ո՞վ է կանգնած հակերային այս հարձակումների հետևում՝ հստակ չի նշվում։ Հետաքննողները հիշեցնում են՝ լրտեսական տեխնոլոգիան վաճառվել է բացառապես կառավարություններին։ Ուսումնասիրությունն իրականացնող ընկերություններից և ոչ մեկը զեկույցում չի հստակեցնում, թե պետական որ օպերատորի հետ է կապված Pegasus-ի այս հարձակումը։ Ենթադրվում է, որ, ինչպես և նախորդ բացահայտման դեպքում, գաղտնալսման հետևում կարող էր Ադրբեջանի կառավարությունը կանգնած լինել։ Այս մասը վստահությամբ պնդել հնարավոր չէ։
12 տուժածներից 5 նախընտրել են անանուն մնալ, նրանց թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ գործիչ և ՄԱԿ-ի երկու աշխատակից: