«Աբխազիայի երկաթուղու պատմության մեջ առաջին անգամ կոնտեյներային գնացքը Սուխումի կայարան է ժամանել», – մարտի 23-ին հաղորդել էր Աբխազիայի մասամբ ճանաչված հանրապետության երկաթգծային ընկերությունը։ Տեղեկությունը հաստատել է նաև Աբխազիայի մաքսային կոմիտեն։
«Վերջերս 62 կոնտեյներանոց գնացք է ժամանել մեզ մոտ՝ Ռուսաստանից Թուրքիա բեռներ տարանցելու համար», – ասել է աբխազ պաշտոնյան և հավելել՝ «սա առաջին ծիծեռնակը չէ, եղել են նաև այլ տարանցումներ, բայց ավելի փոքր բեռներով»:
Ռուսաստանը Թուրքիային կապող երկաթգիծը անցնում է ոչ միայն Աբխազիայի, այլև Վրաստանի տարածքով։
Թբիլիսին դեռևս 90-ականների սկզբին՝ վրաց-աբխազական հակամարտության տարիներին, փակել է աբխազական երկաթուղին, ինչը հարված է հասցրել ոչ միայն Վրաստանից փաստացի առանձնացած տարածքին, այլև Հայաստանին։ Հայաստանը զրկվել է Ռուսաստանի հետ երկաթգծային կապի վերջին հնարավորությունից։
Ավելի վաղ Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանով անցնող եկաթուղու փակմանը։ 90-ականներից ի վեր Հայաստանը երկաթգծային բլոկադայի մեջ է․ Մոսկվան և Երևանը բազմաթիվ փորձեր են կատարել՝ Աբխազիայով տարանցումը վերականգնելու համար, բայց Աբխազիայի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների բերում Թբիլիսին այդ նախաձեռնությունները չի արտոնել։
Հայաստանից դեպի Ռուսաստան բեռների մեծ մասը այսօր էլ անցնում է Վրաստանով՝ փոքր բեռնատարողություն ունեցող լեռնային ավտոճանապարհ, որը պարբերաբար անանցանելի է եղանակային պայմանների կամ գերծանրաբեռնվածության պատճառով։
Աբխազիայի տարածքով Ռուսաստանից Թուրքիա երկաթգծային բեռնափոխադրման մասին տեղեկությունները Թբիլիսին առ այսօր չի մեկնաբանել:
Վրաստանի ԱԳՆ-ն սահմանափակվել է միայն հայտարարություններով, թե բացասաբար է վերաբերվում Մոսկվայի նմանտեսակ նախաձեռնություններին։
Վրացական իշխանությունների լռությունը կարող է պայմանավորված լինել իշխող կուսակցության՝ «Ռուսաստանին չգրգռելու» քաղաքականությամբ, նշում են տեղացի փորձագետները։ Մեկ այլ գործոն է Թբիլիսիի հարաբերությունները Անկարայի հետ, որն այդ սխեմայի ակտիվ մասնակիցներից է։
Տարանցիկ միջանցքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Աբխազիան չի ժխտում, որ կոնտեյներային գնացքի գործարկումն ուղղակիորեն կապված է դրա հետ։
Դժվար թե այդ միջանցքը ռազմավարական նշանակություն ունենա Ռուսաստանի համար, այնուամենայնիվ Մոսկվան պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ շրջանցելու Ուկրաինա ներխուժումից հետո ծագած լոգիստիկ խնդիրները, գրում է «Էխո Կավկազան»։ Թբիլիսին էլ, իր հերթին, դժվար թե լուրջ քայլեր ձեռնարկի «ստվերային միջանցքի» շահագործումը դադարեցնելու համար։
Աբխազցի տնտեսագետ Ախրա Արիստավայի խոսքերով՝ Ռուսաստանից Թուրքիա փոխադրումների սխեման վաղուց փորձարկված է, բայց Սուխումին դրանից առանձնապես չի շահում, դա ավելի շատ քաղաքական հարց է, քան տնտեսական։
Արևմտյան պատժամիջոցները կպնում են ոչ միայն ֆինանսական կամ ապրանքային հոսքերին, այլև լոգիստիկային․ «Արգելքներ կան, որ տարածվում են բեռնափոխադրումների, Արևմուտքից երկաթուղային փոխադրումների վրա։ Իհարկե, սրանք են այդ պատժամիջոցների հետևանքները, բնական է, որ բիզնեսը փնտրում է ապրանքների առաքման ու փոխանակման ուղիներ։ Ստացվում է՝ Աբխազիան հիմա ամենահարմար տարբերակներից է»։
Տնտեսագետի կարծիքով՝ Ռուսաստանից Թուրքիա գնացող բեռների մեջ հիմնականում էներգակիրներ և մետաղներ են եղել։
«Հակառակ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, զուգահեռ ներմուծումն իրականացվում է Թուրքիայի տարածքով։ Թուրքիայում բանակցություններ եղան, որոնց մասնակցում էին Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Նրանք փորձում էին փակել այս ուղին։ Սա ոչ թե Աբխազիայի հետ է կապված, այլ ավելի շատ Վրաստանի ու Հայաստանի հետ, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից բեռնափոխադրման հնարավորություններն այնտեղ շատ ավելի մեծ են», – ընդգծում է Արիստավան։