Home / Բանակ / 11,5 տարի․ Սումգայիթում դատեցին առևանգված զինծառայողներին

11,5 տարի․ Սումգայիթում դատեցին առևանգված զինծառայողներին

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 11.5 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի բանակի պայմանագրային զինծառայող Հարություն Հովակիմյանին ու ժամկետային Կարեն Ղազարյանին։ Ադրբեջանը նրանց մեղադրել է դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու ու այլ ծանր հանցագործությունների համար։ Ըստ հայկական կողմի՝ 2 հայ զինծառայողները մայիսի վերջին սահմանամերձ տարածքից առևանգվել են ադրբեջանական դիվերսանտների կողմից․ նրանք կամազով ջուր և սնունդ էին տանում Շիկահողի դիրքեր։

տե՛ս Ադրբեջանում հայտնված զինծառայողներին հավանաբար առևանգել են

Հուլիսի 3-ին մեկնարկած դատավարությունը մի քանի օր է տևել, հայաստանցի իրավապաշտապնները գործընթացը բեմադրություն են համարում։

Ադրբեջանական մամուլը՝ երկրորդելով պետական սահմանապահ ծառայության «դիվերսիայի» մասին հաղորդագրություններին, նկատում է՝ հայ զինծառայողները, հավանաբար, փոխանակվելու են ապրիլին Նախիջևանի սահմանը հատած ադրբեջանցի երկու ժամկետայինների հետ։ Նրանցից մեկը՝ Հուսեյն Ախունդովը, 20 տարվա ազատազրկման է դատապարվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար, մյուսը՝ Ագշին Բաբիրովը, ազատազրկվել է 11 տարով՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու, զենք փոխադրելու հոդվածով։

տե՛ս 20 տարով դատապարտված ադրբեջանցի զինվորը կարող է փոխանակվել

Հայաստանցի իրավապաշտպանները վստահ են՝ հայ զինծառայողներին առևանգել են հենց այս նպատակով։ Հայաստանի դատախազությունը հնարավոր փոխանակումը չի բացառել։

Ադրբեջանի բանտերում այժմ 35 հայ գերիներ են պահվում, մեծ մասը 2020-ին են գերեվարվել։ Երևանը պնդում է, որ Բաքուն նրանց օգտագործում է բանակցային սակարկումների համար։