Հայ-վրացական սահմանին հայտնաբերել և ձերբակալել են տրանս կնոջ սպանության մեջ կասկածվող 26-ամյա տղամարդուն։
«Ըստ նախնական տվյալների՝ [օգոստոսի 20-ին] 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը: Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին», – գրել է Ոստիկանությունը։
Տրանս կնոջը սպանել և այրել են Երևանի Կողբացի փողոցում գտնվող իր բնակարանում։
Սպանությունից հետո նրա բնակարանը վառել են՝ հավանաբար, հետքերը թաքցնելու նպատակով։ Մարմինը երեկ հայտնաբերել են հրշեջները, որոնք եկել էին կրակը մարելու։ Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի առնվազն 4 հետք։
տե՛ս Հույս չկա. Երևանում տրանս կնոջ են սպանել
«Մի շաբաթ առաջ նա ասել էր ընկերներին, որ իրեն հետապնդում են», – Epress.am-ի հետ զրույցում երեկ պատմել էր իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը՝ հիշեցնելով մի քանի տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ դեպքի և տարեցտարի հաճախակիացող բռնությունների մասին, որոնց իրավապահները որպես կանոն չեն արձագանքում։
թարմացում — Ավելի ուշ ոստիկանությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ տեսանյութի տեսքով, որում ցուցադրվում են հիմնովին հրկիզված բնակարանի կադրերը և ձերբակալվածի լուսանկարը՝ դեմքը փակած։
«Իրավապահները պարզեցին, որ Արավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ այդ օրը՝ ժամը 16։15-ին, Տոյոտա մեքենայով եկել է Կողբացու փողոց, բարձրացել հիշյալ բնակարան, որտեղ սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժածին, և համոզվելով, որ արդեն մեռած է, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է բնակարանը։ Ժամը 16։50-ին նա դուրս է եկել բնակարանից և նույն մեքենայով հեռացել։ Իրավապահները արագ պարզել են, որ նա ցանկանում է լքել հանրապետության սահմանը, և օգոստոսի 21-ին՝ ժամը 02։40-ին, Բավրայի անցակետով սահմանը հատելու փորձի ժամանակ նա ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին», – նշվել է հաղորդագրությունում։