Home / ԼԳԲՏ+ / Հույս չկա. այս անգամ Երևանում հաջողվել է սպանել տրանս կնոջը

Հույս չկա. այս անգամ Երևանում հաջողվել է սպանել տրանս կնոջը

Օգոստոսի 20-ին Երևանի իր բնակարանում սպանել են տրանս կնոջը։ Սպանությունից հետո բնակարանը այրել են։

«Մի շաբաթ առաջ նա ասել էր ընկերներին, որ իրեն հետապնդում են։ Ինձ իր ընկերներն են զանգել՝ ժամը 16։30-ի սահմաններում, ու ասել, որ մահացել է», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը։

Նրա ղեկավարած՝ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը առավոտյան պատրաստվում է Ոստիկանություն դիմել, բայց հույս չունեն, որ մեղավորները կպատժվեն։

«Նմանատիպ դեպք եղել էր մի քանի տարի առաջ, երբ տրանս կնոջը փորձել էին այրել իր բնակարանում։ Բարեբախտաբար կինը չէր մահացել՝ հասցրել էր սողալով դուրս գալ տնից», – հիշեցրել է Մարտիրոսյանը։ Այդ գործը արդեն Եվրոպական դատարանում է։ 

Ոստիկանության հետ փոխկապակցված լրատվականներից մեկը երեկոյան գրել էր, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 16։55-ին, ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։ Հրշեջները կոտրել են դուռը, մարել կրակը։ 

Բնակարանում հայտնաբերվել է 28-ամյա քաղաքացու դին։ «Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք», «նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են»։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ 

Տրանս կանայք վերջերս շատ են թիրախավորվում, բռնարարները պատասխանատվության չեն ենթարկվում, սոցցանցային արշավները ուղորդվում են այդ թվում նաև իրավապահների կողմից։ 

«Դիմում ենք ոստիկանություն՝ ոչինչ չի լինում, դիմում ենք դատարան՝ ոչինչ չի լինում։ Սենց ժամանակաշրջան չի եղել։ Գնում Եվրոպայում զեկույցներ են ներկայացնում, իբր ապահով երկիր է»։ 

Օրինակ, 2022 թվականի հուլիսի 30-ին ուղիղ եթերով տրանս կնոջ վրա հարձակված ու նրան ծեծի ենթարկած Վահե Եղիազարյանն այժմ ազատության մեջ է։

«Գործը կարճվել է, քանի որ Վահե Եղիազարյանը հայտնել է, որ «զղջացել է»։ Բողոքարկեցինք դատարանի որոշումը, բայց բողոքը մերժվեց», – պատմում է Լիլիթը։ «Զղջողը» շարունակում է տրանս կանանց դեմ իր (հրապարակային) արշավը։

Շուրջ մեկ տարվա ընթացքում մեկ տասնյակից ավել հաղորդումներ են ներկայացվել ոստիկանություն՝ տրանս կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերով։

թարմացում — Օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 02.40-ին, հայ-վրացական սահմանին հայտնաբերել և ձերբակալել են տրանս կնոջ սպանության մեջ կասկածվող 26-ամյա տղամարդուն։ Նա տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնական բաժին։