Home / Եկեղեցի / «Ձեռքն անհարմար տեղ մտցրեց»․ տերտերը չի ընդունում կանանց մեղադրանքները

«Ձեռքն անհարմար տեղ մտցրեց»․ տերտերը չի ընդունում կանանց մեղադրանքները

Վրաստանի ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հգևորականը չի ընդունում սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքները։ Մի կին բացահայտ և չորս կին անանունության սկզբունքով պատմել են, թե ինչպես են տարբեր ժամանակներում դարձել Ջավախեթիի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլիի գործողությունների զոհ։

«Թավիսուփլեբա» («Ազատություն») ռադիոկայանի հետ զրույցում 33-ամյա Լելա Կուրտանիձեն ասել է, որ իրենից ավելի քան մեկ տասնամյակ է պահանջվել քաջություն հավաքելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Բացի Լելայից լրագրողը զրուցել է այլ կանանց հետ, որոնցից ոմանք խոսում են ոտնձգությունների, ոմանք՝ սեռական բռնության մասին։ Նրանցից մեկը պնդում է, որ ինքը անչափահաս է եղել, երբ տերտերի զոհն է դարձել։ Մյուսի դեպքը տեղի ունեցել Գերմանիայում։ Երկու կանայք, Լելայի պես, ծանոթացել են Նիկոլոզ Պաչուաշվիլիի հետ Ջավախեթի կատարած արշավի ժամանակ, երբ ուսանող են եղել։

Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնած կանայք տարբեր ժամանակներում մասնակցել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի արշավին։ Ջավախեթիի արշավը ուսանողական ամառային ճամբար է, որի մասնակիցները երկու շաբաթով օգնում են Ախալքալաքի թեմի եկեղեցիներին ու վանքերին։

Ըստ Լելա Կուրտանիձեի՝ արշավի ժամանակ նա լողալ չի իմացել, և եկեղեցականն առաջարկել է սովորեցնել․ «Երբ նա ձեռքն անհարմար տեղ մտցրեց, ես սկսեցի ցնցվել, փորձեցի ազատվել ու ընկա ջուրը։ Այդ պահին նա ինձ հարցրեց. «Ի՞նչ ես անում։ Ինչո՞ւ ես ամեն բան փչացնում»։ Նա ինձ այնպես հարցրեց, կարծես իմ արածը տեղին չէր։ Երբեմն մի կողմ էի քաշվում, մեկ-մեկ փորձում էի ազատվել, բայց ենթարկվում էի։ Առաջին օրը նա համբուրեց ինձ՝ ոչ շուրթերս, բայց չափազանց ինտիմ ձևով»։

Մեկ այլ կին պատմել է, որ արշավի ավարտից հետո Պաչուաշվիլին կանչել է իրեն՝ խոսելու ապագայի պլաններից․ «Տարավ ննջասենյակ և խնդրեց նստել անկողնու վրա: Ես շատ զարմացա, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ այնտեղ ինչ-որ վատ բան կարող է տեղի ունենալ։ Հարցեր տվեց իմ սեռական կյանքի և փորձի մասին: Կպնում էր մարմնիս։ Ես շշմած նստել էի և շոկից չէի կարողանում հասկանալ՝ ինչ անել: Մտքերն իմ գլխում պտտվում էին խելագար արագությամբ, ես նույնիսկ չէի կարող ենթադրել, որ մարդը, որը նախորդ օրը մեզ հետ Բախ էր լսում և խոսում վեհ սիրո և «ըստ Մատթեոսի չարչարանքներից», կարող է անբարո բան թույլ տալ:

Հեռանալիս նա ինձ ասաց, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, հիանալի էր և հուզիչ, որ ես առանձնահատուկ եմ՝ էներգիայի աղբյուր եմ, որ ունեմ գեղեցիկ մարմին և կուրծք, ամուր և գեղեցիկ ոտքեր, և որ մենք պետք է գաղտնի պահենք մեր հանդիպումները»։

Եկեղեցականը լրագրողի հետ հանդիպմանը հաստատել է, որ Լելա Կուրտանիձեին լողալ է սովորեցրել, սակայն չի ընդունում սեռական ոտնձգության մասին մեղադրանքները․ «Ինչպե՞ս կարելի է լողալ սովորեցնել առանց մարմնին դիպչելու»։

«Դուք ներգրավվում եք վատ գործի մեջ։ Կարծես, եկեղեցու դեմ հերթական ալիքն է բարձրացել, բայց եկեղեցին նման է դարավոր կաղնու, որին միջատները չեն կարող վնասել»,- ասել է Պաչուաշվիլին։

62-ամյա Նիկոլոզ Պաչուաշվիլին ամենաբարձր աստիճանի եպիսկոպոս է, միայն կաթողիկոս-պատրիարքն է նրանից կոչումով բարձր։

Վրաստանի անվտանգության ծառայության՝ 2021 թվականին արտահոսք եղած գրառումներում, որոնք նկարագրում են հոգևորականների անձնական կյանքի դիտարկման մանրամասները, Նիկոլոզ Պաչուաշվիլիի մասին ասվում է. «Միտրոպոլիտը բնութագրվում է որպես կիրթ, գիտուն ու ճկուն մարդ, նրա բացասական կողմը համարվում է իգական սեռի նկատմամբ վերաբերմունքը։ Հայտնի է, որ նա ինտիմ հարաբերություններ ունի երիտասարդ կանանց ու միանձնուհիների հետ, որոնք թեմում ուխտագնացություններ են իրականացնում»: