Հայաստանի և ադրբեջանի միջև գերիների փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության համաձայն՝ Բաքուն ազատ է արձակել 2020-2023 թվականներին գերեվարված 31 ՀՀ զինծառայողների և այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի ժամանակ ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայողի։ Հայաստանն ի պատասխան Ադրբեջանին է հանձնել այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Հայաստանի տարածքում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողներին, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության մեջ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ 32 գերիներն արդեն Հայաստանում են, նրանք նախնական բուժզննություն կանցնեն և կվերադառնան իրենց հարազատների մոտ։
Փաշինյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած զինծառայողների անունները․
Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի
Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր
Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի
Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր
Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք
Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան
Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի
Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան
Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր
Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի
Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք
Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք
Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ
Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի
Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ
Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր
Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան
Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք
Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան
Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան
Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան
Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ
Մարտիրոսյան Գևորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի
Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի
Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան
Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ
Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք
Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան
Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր
Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի
Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ
Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի
Ազատ արձակված զինծառայողների մեծ մասը՝ 26 հոգի, գերեվարվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո (շիրակցի պահեստազորայիններին Ադրբեջանը գերի էր վերցրել Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի հատվածից՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքից)։
Ազատ արձակվածների մեջ են նաև 2023-ի մայիսին Հայաստանի տարածքից առևանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանը ու Կարեն Ղազարյանը, 2023 օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանային հատվածից գերեվարված՝ 25-օրյա վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանը (գերիների ազատ արձակման մասին հայտարարության հրապարակումից ժամեր առաջ Ոսկանյանին Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման էր դատապարտել)։
____
Դեռ կեսօրին ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում։
32 գերիների փոխարեն Հայաստանը Բաքվին է հանձնել այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական սահմանը Նախիջևանի կողմից հատած երկու ադրբեջանցի զինծառայողների։ Նրանցից մեկը՝ Ագիշին Բաբիրովը ձերբակալվել էր Սիսիանի Բնունիս գյուղում, որը գտնվում է սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա, և դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու, զենք կրելու համար։ Մյուսը՝ Հուսեյն Ախունդովը, ձերբակալվել էր օրեր անց՝ Կապանի մոտակայքում․ նա խոստովանել էր, որ սպանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, և դատապարտվել ցմահ ազատազրկման։
Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատա/վարչակազմերի համատեղ հայտարարությունը երկու բաղադրիչ ուներ՝ մի կողմից գերիների ազատ արձակումն ու փոխանակումն էր, մյուս կողմից՝ ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող կլիմայական կոնֆերանսի կոմպոնենտը։
Նախօրեին հայտարարվել էր, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») կանցկացվի Ադրբեջանում։ Երկու երկրները պայմանավորվել էին, որ Հայաստանը կհրաժարվի միջոցառումը հյուրընկալելու իր հայտից։
Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանի բատներում է մնում առնվազն 23 Հայաստանի քաղաքացի, նրանցից 8-ը Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից են։