Home / Առողջապահություն / Երևանյան բժիշկները հետազոտել են չեղած վահանագեղձը և չեն ընդունում սխալը

Երևանյան բժիշկները հետազոտել են չեղած վահանագեղձը և չեն ընդունում սխալը

Հենրին դիմել է Ena Clinic հոկտեմբերի 30-ին՝ համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ) թոքերը հետազոտելու, թոքաբորբի հավանականությունը բացառելու, հարակից օրգանների վիճակը ստուգելու համար։ Մեկ օր անց ստացել է եզրակացությունը, որում, ի թիվս այլի, նկարագրված է նաև վահանաձև գեղձը՝ «համասեռ, իջած դենսիտոմետրիկ խտությամբ, առանց տեսանելի հանգույցների»։ Թվում է, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց Հենրին վահանաձև գեղձ չունի։ Այն չի կարող լինել համասեռ կամ տարասեռ, որովհետև այն չկա։

Ինչպե՞ս է ստացվել, որ բարձր որակի բժշկական ծառայություններ և կրկնակի ստուգում խոստացող բուժհաստատության մասնագետները չեն նկատել մի ամբողջ օրգանի բացակայությունը։ Պատասխանի համար Epress.am-ը դիմել էր Ena Clinic-ին, որի տնօրենը սրտնեղում էր լրագրողներից ու դժգոհ պացիենտից, իսկ ռադիոլոգը՝ բացատրում, որ որևէ խնդիր չկա՝ «հեռացված վահանաձև գեղձի տեղում ինչ-որ հյուսվածք է եղել», որը կլինիկայի բժիշկները «դրել են վահանաձև գեղձի տեղ» և ըստ այդմ նկարագրել։ 

«Ծառայության» դիմաց վճարված գումարը կլինիկան առ այսօր չի վերադարձրել։ Վերջին զրույցի ժամանակ պացիենտին խոստացել են, որ հետ կզանգեն։ Շաբաթներ անց էլ խոստումը մնացել է անկատար։

Ena Clinic-ի գովազդի մեջ գրված է՝ թոքերի ախտահարումից բացի ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվում է նաև վահանաձև գեղձի, կրծքագեղձի, միջնորմի, կրծքային աորտայի, կերակրափողի, ինչպես նաև կրծքավանդակի, ուսագոտու ոսկրերի հիվանդությունները։ Բոլոր պատասխանները անցնում են կրկնակի ստուգում։

«Մտածեցի, որ սա շատ լավ հնարավորություն է՝ հիվանդությունից հետո հա՛մ կտեսնեմ թոքերի պատկերը, համ եզրակացություն կտան վահանաձև գեղձի մասին։ ԿՏ -ն նորմալ անցավ։ Հաջորդ օրը ուղարկեցին եզրակացությունը։ Բացեցի, տեսա, որ թոքերում խնդիր չկա։ Մտածեցի վահանաձև գեղձն էլ կարդամ՝ տեսնեմ [վիրահատությունից հետո ամեն ինչ] նորմա՞լ է։ Նայեցի։ Գրված էր, որ վահանաձև գեղձի վրա հանգույցներ չկան, համասեռ է և այլն։ Զարմացա։ Որովհետև ես վահանաձև գեղձ չունեմ։ Մոտ մի տարի առաջ քաղցկեղ եմ տարել, վահանաձև գեղձս ամբողջությամբ հեռացրել են», – հետազոտությունից մի քանի օր անց Epress.am-ին պատմել է Հենրին։

Եզրակացությունը ստանալուց հետո Հենրին զանգել է Կլինիկա․ «Հարցնում եմ՝ ի՞նչ է այնտեղ գրված։ Կարդում է։ Հարցնում եմ՝ դա նշանակում է, որ վահանաձև գեղձի հետ ամեն ինչ նորմա՞լ է։ Ասում է՝ հա։ Ասում եմ՝ բայց ես վահանաձև գեղձ չունե՛մ։ ․․․Ասում է՝ մենք հիմա հետ կզանգենք ձեզ։ Քիչ անց հետ են զանգում։ Ասում են՝ եզրակացության մեջ գրված է «վահանաձև գեղձը համասեռ է, իջած դենսիտոմետրիկ խտությամբ, առանց տեսանելի հանգույցների», իսկ դա նշանակում է, որ ինքը չի երևում։ Զանգեցի իմ բուժող բժշկին և ծանոթ ռադիոլոգներին։ Հարցրեցի՝ կարո՞ղ է այսպիսի պատասխան լինել այն դեպքում, երբ վահանագեղձ չկա։ Ասացին՝ ոչ»։ 

Հենրին պահանջել է գումարը հետ ուղարկել՝ «բացի նրանից, որ ինձ ֆինանսական վնաս են տվել, նաև ստիպել են մեկ այլ տեղ նորից նույն հետազոտությունն անցնել, կրկնակի ճառագայթում ստանալ», «[նման պատասխան ստանալուց հետո] չէի վստահում, որ թոքերի պատկերն էլ են նայել ու ըստ պատշաճի գնահատել»։

Գումարը վերադարձնելուց հաստատությունը հրաժարվել է․ «Պահանջեցին ներկայանալ, որպեսզի իրենք ինձ ամեն ինչ ցույց տան, բացատրեն ու պատմեն։ Հասկանալի չէ, ինչ էին ցույց տալու, եթե ես ԿՏ պատկերից միևնույնն է բան չեմ հասկանում։ Հետո ասացին՝ գիտեք, մենք իրավունք չունեինք գրել, որ մարդու մոտ ինչ-որ օրգան է բացակայում։ Ի՞նչ է սա նշանակում։ Մարդ կարող է գնալ մեկ թոքով, իրենք երկու թոքի նկարագրություն տա՞ն։ Ասացի՝ ես չեմ պատրաստվում նորից գալ ձեզ մոտ, գումարը հետ փոխանցեք, ես էլ ձեզ հանգիստ թողնեմ, դուք էլ ինձ։ Ասացին՝ ո՞նց եք պատկերանցում, որ առանց գալու մենք գումարը ձեզ հետ փոխանցենք։ Ասացի՝ հաշվիս։ Ասացին՝ չէ, այդպես չի լինի»։

Այս խոսակցությունից հետո Հենրիին զանգել նաև բժիշկ-ռադիոլոգ Նաինա Հակոբյանը․ «Ներկայացավ որպես տնօրեն, ասաց, որ տեղեկացված է խնդրից, բայց քաղաքում չէ, հաջորդ օրը հետ կգա, կիմանա ու կկապվի։ Ներողություն խնդրեց ստեղծված իրավիճակի համար։ Ասացի՝ օքեյ։ Խոստացավ հաջորդ օրն առավոտյան զանգել և հարցը լուծել։ Այդպես էլ չզանգեց»։

Դեպքից հետո Հենրին դիմել է նաև իրեն վիրահատած բժշկին՝ հավաստիանալու համար, արդյոք վահանաձև գեղձը ամբողջությամբ է հեռացվել, արդյոք այնտեղ նոր գոյացություններ չկան․ «Նայեց, ցույց տվեց՝ տես, չկա այստեղ վահանաձև գեղձ։ Ասաց՝ երևի սխալվել են կամ նման մի բան»։

Հայաստանում, որտեղ քաղցկեղը մեծ տարածում ունի, պատշաճ կանխարգելումը հատկապես կարևոր է։ Եթե հետազոտություն անող մասնագետները մի ամբողջ օրգանի բացակայությունը չեն նկատում, ինչպե՞ս են նկատելու վտանգավոր գոյացությունները․ «Ինձ համար կարևոր է սրա մասին բարձրաձայնել: Եթե մի տարի առաջ ես պատահաբար հայտնաբերած չլինեի քաղցկեղը և հիմա բախտ վիճարկվեր միամիտ այն հայտնաբերելու, ես էլի չէի իմանա ու տենց կգնայի, կոպիտ ասած, մեռնելու։ Ինձ էտտեղից էլի բաց կթողներին, կասեին՝ վահանաձև գեղձիդ հետ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է և վերջ»։

Ena Clinic-ը պոտենցիալ պացիենտներին խոստանում է, որ թոքերից հետազոտելիս ստուգելու է նաև վահանաձև գեղձը, կրծքագեղձը, միջնորմը, կրծքային աորտան, կերակրափողը, կրծքավանդակը, ուսագոտու ոսկրերը։ Ընդ որում՝ դա, ըստ գովազդի, ոչ թե մեկ, այլ երկու բժիշկ է անելու (կրկնակի ստուգում)։

Տպավորություն է ստեղծվում, որ սա զուտ գովազդային հնարք է։ Բժիշկները կամ չեն տեսնում, կամ չեն նայում, և պարզ չէ՝ որն է ավելի վատ։ Ամեն դեպքում՝ միջինացված և մոտավոր տեղեկությունը որոշ դեպքերում ավելի վտանգավոր է, քան տեղեկության բացակայությունը․ «Միգուցե իրենք չպետք է այդ գործողությունը կատարեն, չպետք է հայտարարեն, որ այդ գործողությունը կատարում են, եթե գործնականում չեն տարբերում, չգիտեն, չեն տեսնում կամ չեն նայում»։

Ena Clinic-ից սկզբում հրաժարվում էին հեռախոսով մեկնաբանություն տալուց՝ բժշկուհի Նաինա Հակոբյանը Epress.am-ի լրագրողից պահանջում էր ներկայանալ անձնագրով, վկայականով, նախընտրելի է՝ ռեսպոնդենտի հետ միասին։ Խոսվում էր իրավաբան ներգրավվելու, նույնիսկ բժշկական կոնսիլիում հրավիրելու մասին։ Ավելի ուշ հետ զանգեց Կլինիկայի տնօրեն Արամ Նազարյանը՝ պատմում էր իր համահիմնած հաստատության առավելությունների, բժիշկների բարձր որակավորման, լրագրողների մասնագիտական պարտականությունների, ամեն ինչից դժգոհ պացիենտների, հայերի միասնականության և բազմաթիվ այլ բաների մասին։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ կլինիկայի ռադիոլոգները կարծես թե չեն նկատել մի ամբողջ օրգանի բացակայությունը, տնօրենը պատասխանել հրաժարվում էր՝ մեկ հղվելով բժշկական գաղտնիքին, մեկ՝ անհրաժեշտ որակավորում չունենալուն։ Նազարյանը, ամեն դեպքում, վստահ էր՝ ամեն ինչ կարգին է արվել, որևէ սխալմունք չի եղել, առաջարկում էր մանրամասների համար այցելել իրենց հաստատություն, խոսել բժիշկ-ռադիոլոգի հետ։

Դեմ առ դեմ հանդիպումը սկսվեց էքսկուրսիայից։ Առարկայական հարցերին պատասխանում էր բժշկուհի Նաինա Հակոբյանը։

«Մենք ունենք հետազոտություն հատուկ զեղչով՝ ցածր ճառագայթման դոզայով (lowdose) թոքի հետազոտություն, որի մեջ էդ մակարդակներում գտնվող բոլոր օրգանները նկարագրվում են, բայց դա չի հանդիսանում золотой стандарт (ոսկե կանոն), որով այդ օրգանի պաթոլոգիան պետք է հետազոտենք։ Ուղղակի երևում է կրծքագեղձը, վահանաձև գեղձը, ոսկրերը, թոքերը, պլևրալ խոռոչները, ողնաշարը․ այդ մակարդակներում, եթե նկատենք պաթոլոգիա, կարող ենք նկարագրել և խորհուրդ տալ այլ լրացուցիչ հետազոտություն անցնել», – ասում էր Հակոբյանը՝ գանգատվելով, որ պացիենտը հետազոտությունից առաջ իրենց «անամնեստիկ ոչ մի տվյալ չի ներկայացրել», չի ասել, որ նախկինում վիրահատություն է տարել։ Հարցին՝ իսկ բժիշկները նախքան հետազոտությունը անամնեստիկ տվյալներ պահանջե՞լ են, Հակոբյանը պատասխանել է՝ ոչ, գանգատներն են միայն հարցրել։ 

Ամեն դեպքում, բժշկուհին վստահ է՝ որևէ խնդիր չկա, պացիենտը իրենց դիմել է թոքերի հարցով, թոքերը նայել են, ասել են, որ թոքաբորբ չկա։

«Նրա հեռացված վահանաձև գեղձի տեղում կա հյուսվածք՝ կարող է ֆիբրոզ լինել, կարող է լինել մնացորդային վահանաձև գեղձի հյուսվածք։ Հեռացված վահանաձև գեղձի տեղում պետք է լինի ճարպային հյուսվածք, դատարկ տեղ։ Իր մոտ դատարկ տեղ չի։ Մենք իրենից ուզել ենք էպիկրիզ, արդյո՞ք իր վիրահատությունը եղել է ամբողջական, թե մասնակի են հեռացրել <․․․> Նա ճշտել է իր բժշկի հետ՝ վահանաձև գեղձը ամբողջությամբ է հեռացված եղել։ Բայց իր վահանաձև գեղձի տեղում երևացել է հյուսվածք, որը մեր բժշկուհին դրել է վահանաձև գեղձի հյուսվածքի տեղ և նկարագրել է, որ դրա խտությունն իջած է, այսինքն յոդի պարունակություն չկա մեջը։ Սովորաբար վահանաձև գեղձը երևում է ավելի սպիտակ, քան կողքի հյուսվածքները, դրա համար հստակ տարբերակվում է։ Բժշկուհին նկարագրել է, որ խտությունը ցածր է, փոփոխված է, բայց լիմֆատիկ հանգույցներ չի տեսնում այդ զոնայում։ Այնուհետև նկարագրել է թոքը, ինչ համար այդ մարդը եկել էր։ Թոքի վերաբերյալ եզրակացության մեջ սխալ չկա», – նշել է Հակոբյանը։

Բժշկուհին առաջարկում էր «ռադիոլոգի էքսպերտիզա նշանակել ցանկացած տեղից», որտեղից պացիենտը ցանկանա։ Տնօրենը կրկնում էր՝ իրենք սխալ բան չեն արել, բայց և պատրաստ են փողը վերադարձնել։ Գումարը, ամեն դեպքում, չեն վերադարձրել։

«Մենք իրան ուզում էին դնել բացատրել, խոսալ։ Մարդիկ դյուրագրգիռ են գալիս մեզ մոտ, սովորական մարդիկ չեն, ադեկվատության մակարդակը մի քիչ ուրիշ է։ Ինքը ոչ առաջին մարդն է, որ մեզնիք բողոքում է, ոչ էլ վերջին մարդը՝ դա նորմալ է բիզնեսի մեջ, մանավանդ բժշկության մեջ։ Մարդիկ կան, որ ասում են՝ փիարը սև չի լինում։ Ես այդ մարդկանց շարքից եմ։ Այլ հարց կա, եթե կզգամ, որ անձի վարկաբեկման հարց է գնում, ես էլ մինչև վերջ կգնամ, իմ 2 միլիոնը կվերցնեմ», – եզրակացրել է կլինիկայի տնօրենը։