հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / 3.5-ամյա երեխային չեն փրկել․ հայրը պայքարում է բժշկին պատժելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3.5-ամյա երեխային չեն փրկել․ հայրը պայքարում է բժշկին պատժելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3.5-ամյա Արտաշես Սեդրակյանի մահվան դեպքի հետ կապված բոլոր 5 դատաբժշկական փորձաքննությունները հաստատում են՝ տղան մահացել է բժշկական սխալների և թերությունների պատճառով, սակայն գործով մեղադրյալ չկա, որևէ մեկը մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է երեխայի հոր՝ Սայադ Սեդրակյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը։

Փաստաբանն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել «Արմավիր» ԲԿ բժիշկ Արմենուհի Հարությունյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացնելու համար:

Բժշկի մասով մեկ անգամ գործը կարճվել էր՝ նրա լավ բնութագիր ունենալու հիմքով: Հետագայում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերացրել է գործը կարճելու մասին որոշումը, սակայն այն երկրորդ անգամ էլ կարճվել է։ Քննությունը հիմնավորել է, որ թեև տղայի մահը բժշկական սխալի հետևանքով է եղել, դա պայմանավորված էր բուժհիմնարկի՝ համապատասխան սարքավորումներ չունենալով:

Արտաշեսի հայրը՝ Սայադ Սեդրակյանը, մեզ պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ, իսկ մահվան առիթով քրեական գործը հարուցվել է վեց ամիս հետո միայն: Որևէ մեղադրանք, ինչևէ, չի առաջադրվել երեխային հիվանդանոցում ընդունած բժշկի՝ Արմենուհի Հարությունյանի, ինչպես նաև երեխային հիվանդանոցի մեքենայով Արմավիրից Երևան տեղափոխող բժշկի՝ Աննա Առուշանյանի նկատմամբ:

Մեղադրանք է առաջադրվել է միայն «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գևորգյանին, սակայն հետագայում մեղադրող դատախազը հրաժարվել է նրա դեմ մեղադրանքից:

Այսպես, երեխայի ծնողները դեռ պայքարում են քննչական որոշումները վերացնելու համար, որից հետո միայն գործը կարող է հասնել դատարան:

Սայադ Սեդրակյանի խոսքով՝ երեխան 2011 թվականի դեկտեմբերի 30-ին միայն մրսածություն է ունեցել, և նույն օրը նրան տեղափոխել են բժշկական կենտրոն:

«Ընդունող բժիշկը՝ Արմենուհի Հարությունյանը, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, առավոտյան երեխային դուրս կգրեն: Ասաց, եթե մոտ ապրեիք, նույնիսկ հիմա կթողնեի տանեք տուն: 13 ժամ պահեցին, վատացրեցին, առավոտյան երեխայի վիճակը արդեն այնքան վատ էր, որ տեղափոխեցին», – պատմել է Սեդրակյանը:

Երեխայի մոտ ախտորոշել են լարինգոտրախեիտ՝ 1-2 աստիճանի, սակայն առավոտյան նրա հիվանդությունը հասել է 3-րդ աստիճանի, որը վտանգավոր է կյանքի համար, և նման դեպքում անհրաժեշտ է լինում ռեանիմացիոն բուժում: Քանի որ հիվանդանցը անհաժեշտ սարքավորումներ չի ունեցել, Արտաշեսին որոշել են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, սակայն ԲԿ-ն մեքենա չի ուղարկել, և երեխային տեղափոխել են մեքենայով, որը նույնպես համապատասխան սարքավորումներով զինված չի եղել։ Մի քանի օր անց Արտաշեսը մահացել է: 

«Փորձաքննությունը հաստատում է, որ այդ հիվանդության դեպքում երեխային չի կարելի տեղափոխել այն ժամանակ, երբ այն հասնում է 3-րդ աստիճանի, իսկ 2-րդ աստիճանի դեպքում տեղափոխելով՝ երեխան կփրկվեր։ Չնայած հիվանդանոցը չի ունեցել համապաստախան սարքավորումներ և ռեանիմացիայի բաժին, Հարությունյանը տեղափոխելու որոշում չի կայացրել, դա արել է միայն մյուս հերթափոխի բժիշկը։ Փաստորեն, եթե շուտ միջամտեին, երեխան կփրկվեր», – ասել է Սեդրակյանը։

Նա նաև դիմել է Առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով՝ արդյոք նախարարությունը բժիշկներին պատժելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկելու։ Նախարարությունից պատասխանել են, որ «Արմավիր» ԲԿ-ն գտնվում է Արմավիրի մարզպետարանի տնօրինության տակ, ուստի նման հարցերով իրենց է պետք դիմել:

Մարզպետարանից փոխանցել են, որ բժիշկների մեղքը պետք է ապացուցվի քրեական գործի շրջանակներում, և միայն այդ դեպքում նրանք պետք է պատիժ կրեն։

Այսպիսով, երեխայի մահվան գործը դատարան չի հասել, և նրա ծնողները 2 տարի է՝ պայքարում են քննչական մարմնի որոշումները վերացնելու համար:

Epress.am-ը դեպքի մասին հարց է ուղղել Առողջապահության նախարարությանը։ Հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ խնդրել են հարցերով Արմավիրի դատարանին դիմել:

Բժիշկների որակավորման մասին հարցին ևս հրաժարվեցին պատասխանել. «Քանի որ քրեական գործ է հարուցվել և գործը մտել է իրավական հարթություն, մենք իրավասու չենք ինչ-որ բան ասել»:

Թե հայրը, թե փաստաբանը հաստատել են, որ սպառելու են ներպետական ատյանները, և եթե որոշումն իրենց օգտին չլինի, դիմելու են ՄԻԵԴ։