Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի երկու զինծառայողներ հատել են սահմանը և հայտնվել Հայաստանի տարածքում։ Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի տվյալներով՝ նրանցից մեկին բռնել են հայ պայմանագրայինները, մյուսին հաջողվել է փախչել։
Հովսեփյանը նշել է՝ գիշերվանից ադրբեջանական մոտակա դիրքում անհանգիստ է եղել, ենթադրել է՝ ներքին վեճ է եղել, հավանաբար այդ պատճառով էլ երկու զինծառայողներ փախել ու հայտնվել են հայկական կողմում։
Դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայաստանի ԱԱԾ-ն հաստատել է. «Ժամը 05:15-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից»:
Ադրբեջանի ՊՆ-ից հաղորդել են, թե զինծառայող Ռուսլան Փանախովը «եղանակային վատ պայմաններում կորցրել է կողմնորոշումը և մոլորվել» Լաչինի շրջանում։