Home / Բանտ / Ուժի կիրառումը չի լռեցրել Վանաձորի կալանավորներին․ նոր հացադուլ

Ուժի կիրառումը չի լռեցրել Վանաձորի կալանավորներին․ նոր հացադուլ

Փետրվարի 9-ի ռեյդից հետո արդեն երկրորդ անգամ «Վանաձորի» բանտում ապրող դատապարտյալները հացադուլ են հայտարարում։

Հացադուլավորները՝ 53 հոգի, բողոքում են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի և դեղորայքների բացակայությունից, խմելու ջրի որակից և ուժայինների ապօրինություններից։

Քրեակատարողական ծառայությունից հայտարարում են, թե իրականում նրանք պահանջում են «բաց պահել սննդի փոխանցման դռնակը, թույլ տալ խցից խուց իրար իրեր փոխանցել և քաղաքացիական հագուստ կրել»: ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը համարում է, որ այս պահանջները անօրինական են։

Իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը ավելի վաղ ահազանգել էր՝ փետրվարի 9-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ են ներխուժել ինչ-որ ծառայության դիմակավորված ու տարբեր հատուկ միջոցներով զինված ներկայացուցիչներ, «նվաստացրել են կալանավորված և/կամ դատապարտված անձանց, ամբողջությամբ ավերակների վերածել բազմաթիվ խցեր, ջարդել կամ ոչնչացրել են կալանավորվածների անձնական և թույլատրված առարկաները (ներառյալ՝ հիգենիայի պարագաները)»:

Դատապարտյալները դրանից հետո հացադուլ էին հայտարարել։

Քրեակատարողական ծառայությունից արդարացել էին՝ ՔԿԾ օպերատիվ վարչության ծառայողները տեղեկություններ ունեին, որ խցերում արգելված իրեր են պահվում, և որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ․ «Փետրվարի 9-ին Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում զանգվածային խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ ․․․Հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ծխախոտ, ինքնաշեն ոգելից խմիչք, խցերից դուրս են բերվել քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա»։ Ծառայողական քննություն է նշանակվել՝ «արգելված իրերի ներթափանցման ուղիները պարզելու համար»։

ՔԿԾ-ից ավելի ուշ հաղորդել են՝ փետրվարի 16-ին հացադուլը դադարեցվել է։ Հայտարարվել է, իբր հացադուլի իրական պատճառը ոչ թե պահման անբավարար պայմաններն են, այլ «քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձանց» տեղափոխություննը այլ քրեակատարողական հիմնարկ։

Քրեակատարողական ծառայությունը գրեթե բոլոր հացադուլերն է այսպես մեկնաբանում։ Ժամանակ առ ժամանակ՝ ռեյդեր անելիս կամ հացադուլներին արձագանքելիս, բանտային ադմինիստրացիան «հիշում է», որ գաղութում անհավասար պայմաններ են, որոշ դատապարտյալներ կանոնադրությամբ չնախատեսված արտոնություններ ունեն, ներսում արգելված իրեր են շրջանառվում։ Նախկին բանտարկյալները պատմում են, որ հիշատակված խնդիրները կան և չեն վերանում հենց այդ ադմինիստրացիայի թողտվության/հովանավորության շնորհիվ, և առանձին խուզարկություններով հարցը չի լուծվում։

տե՛ս

Նորմալ սնունդը հարվածում է զոն նայողներին․ հարցազրույց

Ո՞վ է անում կեղտոտ գործը․ Բանտերի պետը լի է լավատեսությամբ

Բանտերում փողերը դեռ պտտվում են

Դրանց բանտում բիգուձի են ասում, դռների մոտ հերթեր են, պաչել չի կարելի

Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել, որովհետև ահավոր է