հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ինչ սաբոտաժ, եթե խաղաղության խաչմերուկ. Երևանը պատասխանել է Լավրովին

Ինչ սաբոտաժ, եթե խաղաղության խաչմերուկ. Երևանը պատասխանել է Լավրովին

Ռուսաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությունը ոչ միայն ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին մեղադրել է Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը «սաբոտաժի» ենթարկելու մեջ։ 

Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող ճանապարհը, որը 30 տարուց ավել է՝ չի գործում, անցնում է հայկական Մեղրիով։ Բաքուն այնտեղ միջանցք է պահանջում, Ռուսաստանն հավակնում է միանձնյա հսկել դրա «անվտանգությունը»։ Պաշտոնական Երևանից հայտարարում են՝ պատրաստ են ապաշրջափակել բոլոր ուղիները, բայց Հայաստանով անցնող ճանապարհները պետք է գործեն Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», – ասել է Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Լավրովի տված հարցազրույցի այս հատվածը Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել նաև իր պաշտոնական կայքէջում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է․ «Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:

Բադալյանն ընդգծել է՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին. «Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի»։

Հայտարարության սկզբում Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը դժգոհել է՝ ռուս գործընկերների «իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն», «տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց»: Հայտարարության վերջում նա կոչ է արել «կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել» Խաղաղության խաչմերուկ նախագիծը և «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը»:

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծից պարզապես հանվել է: 

Այդուհանդերձ, Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեկվա բանակցություններից առաջ ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունը գրել էր, որ քննարկման օրակարգում է նաև տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 համաձայնագրերի վրա։ Թեև այդ համաձայնագրերի տակից իրենց ստորագրությունը կողմերը հետ չեն կանչել, դրանք դե ֆակտո արդեն վաղուց չեն գործում։ Մոսկվան դրանց մասին հիշում է բացառապես ապաշրջափակման մասին խոսելիս՝ ակնարկելով, որ Մեղրիով անցնող ճանապարհը պետք է հսկվի ռուս սահմանապահների կողմից։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները մեծամասամբ երկկողմ ձևաչափով են ընթանում։ Եթե առաջ միջնորդական ջանքերը Ռուսաստանի մենաշնորհն էին, վերջին տարիներին և հատկապես Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո բազմակողմ բանակցությունները արևմտյան հարթակներում են լինում։ 

Արևմուտքը ապաշրջափակվելիք ճանապարհները ռուսական զինվորականներին հանձնելու հեռանկարին ընդդիմանում է։ Դրան ընդդիմանում է նաև Հայաստանը։ 

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ավելի վաղ ակնարկել էին՝ ռուսական հսկողությանը այլընտրանք կարող է լինել «միջազգային վերահսկողությունը»։ Իրանը, որը մինչ այս ընդդիմանում էր Ադրբեջանի պատկերացրած «միջանցքին», այաթոլլահի մակարդակով վերջերս հայտարարել էր, որ արևմտյան պրոյեկտը «վնասակար է» Հայաստանի համար։