հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսական գազն Ադրբեջանին, ադրբեջանականը՝ Եվրոպային

Ռուսական գազն Ադրբեջանին, ադրբեջանականը՝ Եվրոպային

Ընկերներ, հարևաններ, պատմական դաշնակիցներ՝ պաշտոնական մակարդակում այսպես է ամփոփվում Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Բաքու։ Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժման ամենաթեժ պահին Ռուսաստանի նախագահը մեկնել էր Ադրբեջան՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից և Ռուսաստանի քաղաքական մեկուսացումից հետո։ Արդեն երկու օր է՝ մամուլը փորձում է գուշակել դռնփակ բանակցությունների օրակարգը։ Հայաստանում հիմնականում խոսում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի, բանակցային սեղան վերդառնալու՝ ռուսական ջանքերի և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների մասին, որոնցից ամենակարևորի՝ Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող մայրուղու նկատմամբ հավակնություններ ունեն և Մոսկվան, և Բաքուն։

Միջազգային մամուլն ավելի շատ գրում է տնտեսական և ենթակառուցվածքային այլ խնդիրների մասին՝ էներգակիրների (վերա)մատակարարումներ և «Հյուսիս-Հարավ» միջանք, որը, եթե իրագործվի, լոգիստիկ մեծ հաբի կվերածվի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար։

Նավթ, Գազ, Հյուսիս-Հարավ

«Մենք մանրամասն քննարկել ենք «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը, որը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն մեր միջպետական հարաբերությունների, այլև տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների, տրանսպորտային ուղիների տեսանկյունից։ Մանրամասն վերլուծել ենք իրավիճակը նավթագազային և էլեկտաէներգիայի ոլորտներում։ Ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ, համոզված եմ՝ հետագայում ևս կոորդինացնելու ենք մեր գործունեությունը», – երկկողմ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վլադիմիր Պուտինը հասկացնել է տվել՝ այցի տնտեսական կողմն ամենաակտուալն է։ Խոսքը, ըստ ամենայնի, տրանսպորտային նոր անոթների մասին է (որոնք թույլ կտան շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները և դուրս գալ դեպի նոր մեծ շուկաներ) և ռուսական գազի՝ դեպքի Եվրոպա արտահանման։

տե՛ս Մոսկվայից՝ Հայաստանով, Ադրբեջանով նաև դեպի Հնդկաստան

«Գազպրոմին» ուկրաինական պատերազմից հետո ընդամենը երկու երթուղի է մնացել դեպի Եվրոպա․ մեկը՝ Թուրքական և Երկնագույն հոսքերը, որոնցով տարեկան մոտ 16 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում Սև ծովով դեպի Բուլղարիա, Սերբիա և Հունգարիա, երկրորդը՝ ուկրաինական երթուղին, որով մոտ 16 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում դեպի Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, մի փոքր էլ՝ Իտալիա, Չեխիա։ 

Ուկրաինական երթուղին շարունակում է գործել նաև Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ պատերազմից հետո։ Չնայած Եվրամիությունը ծրագրում է մինչև 2027-ն ամբողջությամբ դադարեցնել ռուսական հանածո վառելիքի ներմուծումը, վերջին շրջանում այս հարցում էական առաջընթաց չի նկատվել։ Հիշատակված Ավստրիան, օրինակ, վերջին երկու տարում ռուսական գազի ներկրումը 80 տոկոսից հասցրել է 98 տոկոսի։ Մի շարք երկրներ գազային նոր գործարքներ են կնքել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, որոնք գազը Ռուսաստանից են ներկրում։ 

Բայց Ուկրաինայի՝ Կուրսի մարզ ներխուժումից հետո անհանգստությունները շատացել են։ Ռազմական օպերացիայի առաջին իսկ օրը ուկրաինական զորքերը գրավել են սահմանամերձ Սուջայի մոտ գտնվող գազի չափիչ կայանը, որով Եվրոպա արտահանվող ռուսական վառելիքը հոսում է դեպի Ուկրաինա։ Մինչև հիմա էլ այդ կայանը ուկրաինացի զինվորականների հսկողության տակ է գտնվում։ 

Կայանի աշխատանքը, ըստ հաղորդումների, չի կասեցվել։ «Գազպրոմի» աշխատակիցները մնացել են այնտեղ, գազի հոսքը նրանք են կազմակերպում։ Կայանի գրավումից հետո հեղուկ և սեղմված գազի գները կտրուկ բարձրացել են, օգոստոսի 9-ին բորսայում գների տարեկան ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու համընկել է հենց այս իրադարձությունների հետ։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ուկրաինայի հետ տարանցման հնգամյա պայմանագիրը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Կիևը հայտարարել է, որ չի երկարաձգելու այն։

«Ռուսական «Միացյալ Նավաշինական կորպորացիան», և դրա մասին արդեն խոսել է նախագահ [Ալիևը], Բաքվի նավաշինական գործարանի հետ միասին մեկնարկում է նավթամթերքի փոխադրման համար նախատեսված գետ-ծով դասի ժամանակակից տանկերների արտադրությունը։ Դրանց կիրառությունն այդ թվում նաև Ազով-Սև ծով և Կասպից երթուղիներում, թույլ կտա զգալիորեն մեծացնել էներգառեսուրսների մատակարարումները համաշխարհային շուկաներ։

Հատուկ նշեմ «Հյուսիս-Հարավ» նախագծի իրագործման հետ կապված մեր համատեղ ծրագրերը։ Դա թույլ կտա մեզ դուրս գալ Հնդկակական օվկիանոսի ափեր», – բանակցություններից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինայում պատերազմից և Լեռնային Ղարաբաղի փաստացի հայաթափումից հետո տարածաշրջանում նոր աշխարահաքաղաքական իրավիճակ է ձևավորվել։ Ադրբեջանը հավակնում է էներգետիկ կամուրջի դերին․ դա շահավետ է և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի համար։

Փորձագետները՝ հղվելով անանուն ինսայդներին, հնարավոր գործարքի կառուցվածքը այսպես են նկարագրում․

Բաքուն և Մոսկվան կարող են նոր փաստաթուղթ ստորագրել, որով ռուսական գազը շահավետ գներով կարտահանվի Ադրբեջան և կձևակերպվի որպես «ներքին սպառման» ռեսուրս, դրա դիմաց Ադրբեջանը կմեծացնի իր գազի արտահանումը դեպի Եվրոպա։

Սա թույլ կտա լեգալ կերպով շրջանցել գործող սանկցիաները։

2022-ին Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվել էին մինչև 2027 թվականը հնգապատկել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումները։ 

Նախքան պատերազմը Ռուսաստանը տարեկան մոտ 150 միլիարդ խորանարդ մետր գազ էր արտահանում Եվրոպա։ Անցած տարի ռուսական գազի՝ դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ըստ պաշտոնական տեղեկությունների, կրճատվել են մինչև 28․3 միլիարդ խորանարդ մետր։

2023-ի առաջին կեսի համեմատ 2024-ի առաջին կեսում այս ցուցանիշն աճել է 24 տոկոսով։ Չնայած դա էական աճ է, այն, ամեն դեպքում, խիստ զիջում է նախապատերազմական ցուցանիշներին։ 

Ծավալային այս բացը Ադրբեջանը մենակով լրացնել չի կարող։

2022-ին Ադրբեջանի հետ կնքված գործարքը ենթադրում էր, որ Բաքուն մի քանի տարուց նոր-նոր դեպի Եվրոպա իր արտահանման ծավալը կհասցնի 20 միլիարդ խորանարդի։

Ադրբեջանական գազը Վրաստանի միջոցով հասնում է Թուրքիա (TANAP), իսկ հետո՝ գնում Եվրոպա (TAP): Դեպի Եվրոպա տանող գազամուղը գործարկվել է ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2020 թվականին։ TANAP-ի հզորությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ է կազմում, TAP-ինը՝ 10 միլիարդ։ Այսինքն, գործող ենթակառուցվածները ինքնին որոշակի սահմանափակումներ են դնում։ 

Մյուս կողմից «Հյուսիս-Հարավ» նախագիծն է, որը, եթե կյանքի կոչվի, ռուսական երկաթուղին կապելու է ադրբեջանական և իրանական երկաթգծերի հետ՝ կապ ապահովելով ոչ միայն Հնդկաստանի, այլև (իրանական օբյեկտների միջոցով) Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Պակիստանի և պատժամիջոցներից հեռու գտնվող այլ խոշոր շուկաների հետ։ Ադրբեջանը հավակնում է նաև այս լոգիստիկ հաբին։ Հայտարարվում է, թե նախագծի շինաշխատանքները ավարտին կհասցվեն 2028 թվականին։ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության հարթմամբ պետք է զբաղվի Ռուսաստանը։

Պուտինի այցի նախաշեմին Ադրբեջան էր եկել նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Հատկանշական է, որ նախքան Բաքու ժամանելը նա գնացել էր Թեհրան։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիի սպանությունից հետո խոսվում է Իրանի և Իսրայելի միջև համակամարտության հնարավոր էսկալացման մասին, և, ըստ քաղաքագետ Ֆուադ Շախբազովի, Ռուսաստանը խիստ մտահոգված է նրանով, որ Ադրբեջանը նման էսկալացիայի դեպքում կարող է աջակցել Իսրայելին և հայտնվել Իրանի թիրախում։

Շոյգուի այցը նախ Թեհրան, իսկ հետո Բաքու շատ բան կարող է նշանակել․ ըստ փորձագետների, Ռուսաստանը փորձում է հուսալի կամուրջ ստեղծել Իրանի և Ադրբեջանի հետ և նվազեցնել տնտեսական մեծ նախագծերին սպառնող քաղաքական վտանգները։