Վրաստանի խորհրդարանի աշխատակարգային և կանոնակարգային հանձնաժողովը (որի լեգիտիմությունը չեն ընդունում երկրի նախագահը, ընդդիմությունը և պետության մի շարք միջազգային գործընկերներ) հավանություն է տվել ընդդիմադիր 49 պատգամավորների լիազորությունների վաղաժամ դադարեցմանը։ Պաշտոնը լքող խորհրդարանականներից 19-ը ներկայացնում էին «Կոալիցիա հանուն փոփոխության» դաշինքը, 16-ը՝ «Ազգային շարժման միասնությունը», 14-ը՝ «Ուժեղ Վրաստանը»։
Ընդդիմադիր խմբակցություններն իրենք էին լիազորությունների դադարեցում պահանջել, քանի որ չեն ընդունում 2024 թվականի հոկտեմբերին երկրում կազմակերպված խորհրդարանական ընտրությունների ընտրությունների արդյունքները։ Պաշտոնական արդյունքերով օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների մեծամասնությունը՝ խորհրդարանում ապահովելով 89 մանդատ։ Ընդդիմությունը երկրի 11-րդ գումարման խորհրդարանը ոչ լեգիտիմ է համարում և հրաժարվում է աշխատել այդպիսի օրենսդիր մարմնում։
Նոր ընտրությունների պահանջով երեք ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները մանդատը վայր դնելու մասին դիմումները ներկայացրել էին 2024-ի նոյեմբերին և դեկտեմբերին։
2019-2021 թվականներին Բիձինա Իվանիշվիլիի առաջարկով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած, ավելի ուշ կուսակցության հետ կապերը խզած Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը ևս չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Խորհրդարանում 12 մանդատ ունեցող քաղաքական ուժը, սակայն լիազորությունները դադարեցնելու ակցիային չի միացել։
Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անց կացման պահանջով բողոքի ցույցեր են անց կացվում սկսած 2024-ի նոյեմբերից։