Home / Բանակ / Ղարաբաղի բանակի նախկին հրամանատարը կազատազրկվի

Ղարաբաղի բանակի նախկին հրամանատարը կազատազրկվի

Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատապարտվել է 5 ու կես տարվա ազատազրկման: Ավելի վաղ դատարանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

Ըստ դատավճռի, 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին, Հարությունյանի սխալ հրամանի պատճառով Ցորի զորամասի 20 զինծառայողները Ֆիզուլիի ուղղությամբ հայտնվել են ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։

տե՛ս Ինչպե՞ս է խոցվել հրետանավորների դիվիզիոնը․ ծնողները անուններ են տալիս

Պատերազմում ծանր վիրավորված գեներալը մեղքը չի ընդունել։ Դատաքննության ընթացքում նա ազատության մեջ է եղել․ խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հարությունյանը կազատազրկվի։

Ոչ նա, ոչ էլ նրա փաստաբան Արսեն Սարդարյանը ներկա չէին այսօրվա նիստին։ Նրանք հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը։

Ըստ իրավապահների՝ հենց Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 հոգի զոհվել է, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Ինչո՞ւմ են մեղադրում Ջալալ Հարությունյանին

Դատավճիռը զոհված զինծառայողների ծնողների արդեն տարիներ տևող պայքարի արդյունքն է։ «Ցորի» զորամասի շրջափակման պատմությունը հենց նրանք են հետաքննել և հանրայնացրել․ պատերազմից հետո զոհերի հարազատները ասուլիս էին հրավիրել, հրապարակել էին իրենց ունեցած ապացույցները։

Ֆիզուլիի մոտակայքում տեղակայված հրետանավորները հոկտեմբերի 12-ին զոհվել են դիվերսիոն հարձակումից։ Մարտկոցներից մեկին հաջողվել է նահանջել, մյուսը հայտնվել է կրակի տակ։ Զոհված զինվորների ծնողները մեղադրում են սպաներին․ ղարաբաղյան բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ըստ նրանց, ադրբեջանցի դիվերսանտներին շփոթելով հայկական զորքի հետ՝ բունկերից երկու անգամ հրամայել է չնահանջել և չկրակել, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի հեղինակած «հակահարվածների» պատճառով մի քանի մարտկոց է խոցվել, հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանն էլ հարձակումից անմիջապես հետո նստել է մեքենան և փախչել։

«Հոկտեմբերի 12-ին դիվիզիոնի դիտակետը, որը գտնվում էր կրակային դիրքից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ դեպի իրենց կողմը։ Փոխգնդապետ Հայրապետյանը, նաև դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը, անմիջապես զեկուցում են բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանին, թե՝ դեպի մեզ ինչ-որ խմբի շարժ կա, ցանկանում ենք ճշտել խմբի պատկանելիությունը։

Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից պատասխան ստանալը, դիվիզիոնի հրամանատարը ստորաբաժանումներին հրամայում է թողնել դիրքերը։ Հասցնում են դուրս բերել այնտեղից զինամթերքի կրման մեքենաներն ու հավաքվել․․․ Խորացված հրամանատարական կետից, սակայն, գալիս է հետևյալ պատասխանը՝ մերոնք են, չկրակե՛ք։ Դիվիզիոնի հրամանատարը խիստ կասկածում է, նորից պահանջում է հրետանու պետից՝ ևս մեկ անգամ ճշտեք։ Կրկին նույն պատասխանն է ստանում՝ դրանք մերոնք են», – 2021 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսին պատմել է զոհվածներից մեկի հայրը։

Բանակի հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանը ծնողների հետ զրույցում հավաստիացրել է՝ չկրակելու և չնահանջելու հրամանը եկել է անձամբ Ջալալ Հարությունյանից։

Երկրորդ անգամ նույն պատասխանը ստանալուց հետո դիվիզիոնի հրամանատարությունը չեղարկել է կրակային դիրքերը թողնելու մասին հրամանը և որոշել մնալ տեղում։ Թուլացվել է նաև առաջացող խմբի նկատմամբ հսկողությունը։ Կարճ ժամանակ անց զինվորները ենթարկվել են հակառակորդի հարձակման։

«Հակառակորդը եկել է հարավային ուղղությունից։ Դիտակետը գտնվում էր բարձունքի վրա, կրակային կետը՝ ոնց որ ափի մեջ, ներքևում։ Այնտեղ երկու կրակային դիրք էր՝ 1-ին և 2-րդ մարտկոցները։ 3-րդ մարտկոցը արդեն նախօրեին խոցվել էր․․․»։

2-րդ մարտկոցը, որը աջաթևյան կողմում էր, առանց խոչընդոտի կարողացել է դուրս գալ այդտեղից և նահանջել։ Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ով գտնվում էր երկու մարտկոցների արանքում և պատասխանատու էր նահանջը կազմակերպելու համար, փախուստի է դիմել։ Առաջին մարտկոցը մնացել է շրջափակման մեջ։ Զոհվածներին ծնողները նույնականացրել են ադրբեջանական տելեգրամ-ալիքներում հրապարակված դաժան տեսանյութերի միջոցով։ Շատերի մարմինները պատերազմից հետո են նոր գտել։

«Զինծառայողներից մեկը, որը իր [Գևորգ Գևորգյանի] կազմի մեջ էր, չի հասցրել նստել նրա մեքենան․․․ Այդ երեխան ողջ է մնացել, իրան էլ ենք տեսել, մյուս զինվորների հետ էլ ենք խոսել, Գևորգ Գևորգյանի հետ էլ․․․ Հիմա նա կարող է շատ բան երգել, բայց ինքն էլ է խոստովանում, որ թողել գնացել է։ Չի ասում, որ դիտավորյալ է թողել, բայց ասում է, որ թողել դուրս է եկել», – պատմել են ծնողները։

Գևորգյանի ձերբակալությունից հետո ծնողները շարունակել են պայքարել՝ գնդապետ Գենադի Բաղդասարյանին և գեներալ Ջալալ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելի վաղ Ջալալ Հարությունյանը արդարացվել է մեկ այլ քրեական գործով՝ «2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման»՝ Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով կասեցվել է։

տե՛ս Լելե Թեփեի «հակագրոհը» որպես առեղծված․ Ջալալ Հարությունյանը արդարացվել է