Բելառուսական ընդդիմության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդների մասին տեղեկություններ չեն լինում, նրանց մեծ մասը զրկված է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Ընդդիմադիր բողոքի ցույցերի առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իր ամուսնուց՝ Սերգեյ Տիխանովսկուց, արդեն 700 օր տեղեկություն չկա։
«Վերջին անգամ ամուսնուս ձայնը լսել եմ ավելի քան 4 տարի առաջ։ Ընդհամենը 5 րոպե ժամանակ ունեի, որ երեխաներից պատմեի, առողջական վիճակից հարցնեի։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ էլ թույլ չեն տալու խոսել։ Հաճախ եմ հիշում այդ հեռախոսազրույցն ու մտածում, թե էլ ինչ կարող է հասցնել ասել», – գրել է Տիխանովսկայան։
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Տիխանովսկին դատապարտվել է 19.5 տարվա ազատազրկման. դա ընդդիմության առաջնորդների նկատմամբ սահմանված ամենածանր դատավճիռներից է։ Իրավապաշտպաններն ու միջազգային հանրությունը նրան քաղբանտարկյալ է ճանաչել։
Նման մեկուսացած վիճակում են նաև քաղբանտարկյալներ Մարիա Կոլեսնիկովան և նախագահի ևս մեկ նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն։
Անցյալ տարեվերջում 11 տարվա ազատազրկման դատապարտված Կոլեսնիկովային թույլատրել էին հանդիպել հոր հետ։ Մինչ այդ շուրջ մեկուկես տարի հարազատները Կոլեսնիկովայի մասին ոչ մի տեղեկություն չունեին։
Կարճ ժամանակ անց նախկին ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչն իր տելեգրամ ալիքում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Վիկտոր Բաբարիկոն էր՝ ձերբակալությունից ի վեր կտրուկ նիհարած վիճակում։ Բաբարիկոյի մասին ևս ոչինչ հայտնի չէր շուրջ մեկուկես տարի։ Նա դատապարտված է 14 տարվա ազատազրկման։