հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Բելառուսում շարունակում են մուռ հանել դիմադրողներից և YouTube են հորինում

Բելառուսում շարունակում են մուռ հանել դիմադրողներից և YouTube են հորինում

Բելառուսական ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նոր բռնությունների մասին. քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծաղրում են 2020-2021 թվականների բելառուսական բողոքի ցույցերի առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային և այլ ազատազրկված կին ակտիվիստներին, Լեհաստանի հետ սահմանին մեքենաների հերթում իրենց տեղը վաճառողներին ուժայինները ստիպում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, Լուկաշենկոյին զեկուցել են Յութուբի «բավականին թույլ» բայց աշխատող այլընտրանք ստեղծելու նախագծի մասին։

«Չեն ծեծում, բայց ծաղրում են»

Օգոստոսի 28-ին Բելառուսում «ծայրահեղական» համարվող «Նովիյ չաս» հրատարակչությունը գրել է Գոմելի թիվ 4 քրեակատարողական հիմնարկում Մարիա Կոլեսնիկովայի և Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված այլ կին ակտիվիստների նկատմամբ ծաղրական վերաբերմունքի մասին։ Անվտանգության նկատառումներով հրատարակչությունը ինֆորմացիան փոխանցողի անունը չի նշում։

«Չեն ծեծում, բայց այդ ծաղր ու ծանակն ամենուր է։ Օրինակ, մինչև վերջին պահը չեն ասում հարազատների հետ հանդիպում լինելու է, թե ոչ։ Կամ ուղղակի զրկում են հանդիպման հնարավորությունից», – գրում է հրատարակչությունը։ 

Տեղեկություններ կան, որ քրեակատարողականի աշխատակիցները 11 տարվա ազատազրկման դատապարտված Կոլեսնիկովայի աչքի առաջ պատռում են նրան ուղարկված նամակները։ Անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն չեն տրամադրում։ Եթե Կոլեսնիկովային մի տեղից մյուսը տեղափոխելու կարիք է լինում՝ փակում են ողջ բանտը. «Ոնց որ ռազմական դրություն լինի»։

Նույն տեղեկատուն պատմում է նաև Գոմելի բանտում գտնվող այլ կին ակտիվիստների նկատմամբ ծաղրանքների մասին։ Օրինակ, 7 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Նաստյա Լոյկային գաղութի աշխատակիցները հակասական տեղեկություններ են փոխանցում նրա շան սատկելու թեմայով։ Կանանց ստիպում են հատ-հատ ընտրել փտած կարտոֆիլները, որոնք հետո պետք է օգտագործվեն դատապարտյալների համար պատրաստվող սննդի մեջ։

«Հանրային ներողությունների» նոր զոհեր

Վերջին ամիսներին Բելառուս-Լեհաստան սահմանին մեքենաների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Սահմանի երկու կողմերում մանրակրկիտ խուզարկում են բոլոր ֆուռերն ու մարդատար մեքենաները։ Բելառուսի ու Եվրամիության անդամ երկրների փոխադարձ պատժամիջոցների նոր փաթեթից հետո մեքենաների խուզարկություններն ավելի են խստացել, հերթերն ավելի են մեծացել։

Բելառուսական կողմից մարդիկ են հայտնվել, ովքեր կանգնում են հերթում, սպասում են մինչև հերթը մոտենա իրենց և վաճառում են իրենց տեղը նոր եկած, բայց շտապող մարդկանց։ Գինը հասել է 300 բելառուսական ռուբլու 

(82 եվրո ներկայիս կուրսով)։ Տեղ վաճառողների դեմ «պայքարի» համար իշխանություններն ուղարկել են Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տեսչության աշխատակիցներին։ Չնայած միանգամայն այլ անվանմանը, այդ մարմինը զբաղվում է այլակարծությունը ճնշելով։ 2021 թվականից այդ տեսչության ուժայինները տեսանյութեր են հրապարկում, որոնցում քաղաքացիները ներողություն են խնդրում սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշ ունենալու կամ ցույցերին մասնակցելու համար։ 

Սահմանին տեղ վաճառողների դեմ ևս նույն մեթոդն են կիրառում. ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակում է հոլովակներ, որոնցում մարդիկ ներողություն են խնդրում, որ փորձել են փող աշխատել ստեղծված վիճակում։

Տեղ վաճառողներից ոմանց բերման են ենթարկում։

Յութուբի բելառուսական այլընտրանքը

Օգոստոսի 29-ին Բելառուսի նախագահի վարչակազմի փոխնախագահ Վլադիմիր Պերցևը Լուկաշենկոյին զեկուցել է երկրում YouTube-ի այլընտրանքի մշակման մասին։

Ի տարբերություն Ռուսաստանի Բելառուսում վիդեոսերվիսի աշխատանքը դանդաղեցված չէ, արգելափակելու ծրագրերի մասին երբևէ չեն հայտարարել։ Ընդդիմադիր գործիչների մասին որոշ տեսանյութեր, սակայն, համարվում են «ծայրահեղական», դրանց տարածումը պատժվում է քրեորեն։

«Վիդեոհոսթինգ videobel.by։ Դա մեր առաջին OTT-հարթակն է, որով հաղորդումներ ու տարբեր ռուբրիկաներ կթողարկվեն։ Այն բավականին թույլ է, բայց մեր առաջին քայլն է բելառուսական յութուբի ստեղծման ճանապարհին», – պատմել է Վլադիմիր Պերցևը։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ով է աշխատում այդ վիդեոսերվիսի վրա։ Այս պահի դրությամբ «բելառուսական յութուբի» ստեղծման մասին տեսանյութերը տարածում են հենց Յութուբում։