Սեպտեմբերի 2-ին Վրաստանի հետ սահմանին Հայաստանի սահմանապահները բերման էին ենթարկել Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոյին։ Ոստիկանները նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Բելառուսը իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Ինը ժամ պահելուց հետո Մոիսեենկոյին ազատ են արձակել։
Կնոջ փաստաբան Ալես Միխալևիչը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Բելառուսում նրա դեմ քրեական հետապնդում են հարուցել ընդդիմադիր գործունեության համար։ Դիանային մեղադրանք է առաջադրվել հանրային կարգը խախտող միջոռացումներ կազմակերպելու հոդվածով, նրան մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում։
Հայաստանի դատախազությունը բելառուսցի ակտիվիստի մասին հարցմանը կպատասխանի միայն գրավոր ընթացակարգով։ Մինչ քննվում է արտահանձման դիմումը, նրան արգելված է լքել Հայաստանը։
Դիանան Epress.am-ին ասել է, որ քրեական գործ հարուցելու մասին ծանուցում չի ստացել, ինչը օրենքի խախտում է։ Նա լքել է Բելառուսը 2022 թվականին, երբ իր շրջապատից շատերի նկատմամբ սկսեցին քրեական գործեր հարուցել։ Մոիսեենկոն ժամանակավորապես տեղափոխվել է Վրաստան։ Այս ընթացքում գնացել է Թուրքիա, Հայաստան է եկել այդ թվում նաև «վիզարանի» համար (հատել սահմանը՝ Վրաստանում մնալու թույլատրելի ժամկետը զրոյացնելու նպատակով)։
Քաղաքական հետապնդումների պատճառն այն է, որ Դիանան մասնակցել է 2020 թվականի կեղծված ընտրություններին հաջորդած համազգային շարժմանը։ Մինչ այս նա տարբեր երկներ է գնացել, որևէ խնդիր չի ունեցել, միայն ԱՊՀ անդամ Հայաստան մտնելուց է բերման ենթարկվել։
Ակտիվիստին սոլիդարություն է հայտնել Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը։
«Գրասենյակի թիմը շարունակում է ակտիվորեն աշխատել Հայաստանի ԱԳՆ-ի հետ Դիանա Մոիսեենկոյի և մյուս բելառուսցիների գործերով, որոնք հետապնդվում են Լուկաշենկոյի ռեժիմի կողմից քաղաքական դրդապատճառներով։ Գրասենյակը Երևանից երաշխիքներ է ստացել. Հայաստանը չի արտահանձնի բելառուսցիներին, որոնք հայրենիքում քաղաքական հետապնդման են ենթարկվում», – ասված է հայտարարությունում։
Տիխանովսկայան մասնացել է Բելառուսում 2020 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններին մինչ այդ ձերբակալված ամուսնու՝ Սերգե Տիխանովսկիի փոխարեն։ Ընտրությունները այն ժամանակ կեղծվեցին, Բելառուսի տարբեր մարզերում բռնկված զանգվածային բողոքի ցույցերն ու գործադուլները ճնշվեցին ուժով։ Կային զոհեր, վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ և հարույրավոր խոշտանգվածներ։ Ընդդիմության առաջնորդը արտաքսված կառավարություն ձևավորեց, որը գործում է Լիտվայում և Լեհաստանում։ Երկրից ստիպված եղան հեռանալ համազգային շարժման հարյուրավոր մասնակիցներ։ Շատերը հայտնվեցին ճաղերի հետևում։
Տարեսկզբից Հայաստանում Բելառուսի առնվազն 4 քաղաքացու են ձերբակալել։ 4-ն էլ հայ-վրացական սահմանին են իմացել, որ միջպետական հետախուզման մեջ են գտնվում։ Նախնական տվյալներով՝ նրանք մեղադրվում են զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։
տե՛ս Բռնելով բելառուսցիներին՝ Հայաստանը միանում է խոշտանգումներին․ 4 դեպք
Բելառուսը արտահանձնում էր պահանջում։ Կալանավորված երիտասարդներից երկուսին (Յարոսլավ Նովիկով, Մաքսիմ Վայտկյավիչուս) ամիսներ անց ազատ են արձակել․ Հայաստանը նրանց քաղաքական ապաստան է տվել։ Մյուս երկուսի գործը դեռ ընթացքի մեջ է։