Home / Հայաստան / Փոքր Խորհուրդ. Ինքնությունները՝ արդիականության և նորարարության միջև

Փոքր Խորհուրդ. Ինքնությունները՝ արդիականության և նորարարության միջև

19-րդ և 20-րդ դարերում գիտական առաջընթացը հեղափոխեց մինչ արդյունաբերական աշխարհի մշակութային և հանրային պատկերացումները: Մշակույթի հին պատկերացումներին նետված մարտահրավերներից էր նոր տիպի ցուցահանդեսները, որտեղ արվեստի ստեղծագործությունների կողքին առաջին անգամ ցուցադրվեցին գիտության, արդյունաբերության, մանուֆակտուրաների արտադրության ցուցանմուշներ (1851 Լոնդոնի «Արվեստների և արտադրության նմուշների միջազգային ցուցահանդես», 1889 Փարիզի, 1893 Չիկագոյի, 1937 Փարիզի «Արվեստը և տեխնիկան ժամանակակից կյանքում» և 1939 Նյու-Յորքի «Վաղվա օրվա աշխարհը»): Այսպիսի իրադարձությունները մշակութային հեղափոխություն առաջացրեցին և խթան հանդիսացան 1-ին և 2-րդ Ինտերնացիոնալների գործունեության համար: Այս մասին «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական քննարկման ժամանակ խոսել է արվեստաբան Արևիկ Արևշատյանը:

«Այդ նոր մոդեռնիստական ժամանակաշրջանը բնորոշվեց նաև նոր տիպի ինքնությունների «ստեղծագործող բանվորների, դերձակների, արհեստավորների» ձևավորմամբ և դրանց ներգրավմամբ մշակութային գործընթացներում: Իսկ քաղաքական մշակույթի մեջ ամենահզորը ազգային ինքնությունների շարժումներն և հեղափոխություններն էին», – նշել է բանախոսը:

Նրա ներկայացմամբ՝ 1960-70 -ականների սեքսուալ հեղափոխություններից հետո մշակութային համատեքստում կարևորվեց կանանց ինքնությունը և իր ազդեցությունը ունեցավ քաղաքականության և հասարակության մեջ որպես նոր, ինքնուրույն դերակատար: Եթե մոդեռնիստական ժամանակաշրջանին ավելի բնորոշ էր ճնշված մեծամասնությունների պայքարը իրենց իրավունքների համար, ապա 80-90-ականների պոստմոդեռնիստական ժամանակաշրջանին բնորոշ էին ազգային և սեռական փոքրամասնությունների իրավունքները բարձրաձայնող մշակութային և քաղաքական հեղափոխություններ:

2000-ից մինչ այսօր, հետ ինդուստրիալ ժամանակաշրջանում, այնպես ինչպես մոդեռնիստական-ինդուստրիալ ժամանակաշրջանի սկզբում, ունիվերսալ աշխարհի պատկերացումը համարվում է նորարար և արդիական: Այս նոր համատեքստի մեջ իրավահավասար անդամի կարգավիճակով մասնակցությունը կարող է ապահովվել միայն մոդեռնիստական և պոստմոդեռնիստական ժամանակաշրջանների մշակութային և քաղաքական գործընթացների ընկալումը և ընդունումը:

Տեքստը տրամադրեց՝ Արա Նեդոլյանը

Լուսանկարը՝ Արման Գրիգորյանի