Իրանի և Գերմանիայի միջև խոշոր դիվանագիտական սկանդալ է սկսվել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Իրանը անսպասելիրոեն թույլ չի տվել, որպեսզի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռն անցնի Իրանի օդային տարածքով: Մերկելն ուղևորվում էր Հնդկաստան, սակայն Իրանի համապատասխան մարմինների նման վերաբերմունքի պատճառով կանցլերի ինքնաթիռը ստիպված է եղել երկու ժամ անցկացնել Թուրքիայի օդային տարածքում:
Միջադեպը հաջողվել է հարթել պաշտոնական Անկարայի միջնորդությամբ անցկացված հրատապ բանակցություններից հետո, հաղորդում է Spiegel-ը:
Առայժմ չկա տեղեկություն այն մասին, թե ինչու են Իրանի իշխանությունները նման քայլի դիմել: Թռիչքից առաջ Գերմանիան ունեցել է համապատասխան թույլտվությունը:
Հարկ է նշել, որ Իրանի և Գերմանիայի հարաբերությունները երբեք ջերմությամբ աչքի չեն ընկել: Վերջին շրջանում Գերմանիան համաձայնել էր պատժամիջոցներ կիրառել Համբուրգում շտաբ-բնակարան ունեցող իրանական բանկի նկատմամբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորում էր Իրանի միջուկային ծրագիրը: