Home / Հայաստան / Իսրայելի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական մոտեցում է. վերլուծաբան

Իսրայելի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական մոտեցում է. վերլուծաբան

«Սա իմ պարտքն է որպես հրեա և իսրայելցի՝ ճանաչել այլ մարդկանց ողբերգությունը»՝ այս արտահայտությունը ընդամենը կլիշե է: Անդրադառնալով Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կողմից, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման պատրաստակամությանը իսրայելական առաջատար «Հաարետց» պարբերականում հարցի վերաբերյալ իր կարծքին է ներկայացնում վերլուծաբան, լրագրող Ալոն Իդանը:

«Ամեն անգամ, երբ նման արտահայտություն է հնչում, ունկնդիրը պետք է հասկանա, որ բարձրագոչ դրամատիզմի ներքո որոշակի ամոթ է թաքնված, որը ցանկանում են ջնջել», – գրում է Իդանը նկատի ունենալով Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի երկուշաբթի արված արտահայտությունը:

Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Կնեսետը որոշում է կայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել Կրթության հանձնաժողովին, իսկ Ռիվլինը պատրաստվում է հիշատակել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի տարեկան հավաքին:

«Հաարետցի» հոդվածագիրը հիշեցնում է, որ Ռիվլինի հայտարարությունից և հարցը Մշակույթի հանձնաժողով ուղարկելուց դեռևս մեկ տարի առաջ խնդիրը քննարկվել էր Կնեսետի Արտաքին հարցերի և պաշտպանության հանձնաժողովում:

«Մոտավորապես այս եղանակով՝ քողարկվելով «իմ պարտքն է որպես հրեա և իսրայելցի» արտահայտության տակ, Իսրայելի անուշադրությունը 1-ից 1,5 միլիոն մարդու սպանության նկատմամբ սկսել է հալչել», – նշում է Իդանը:

Վերջինս գրում է, որ դիվանագիտական նկատառումներով 63 տարի Իսրայելի բոլոր կառավարություններն անտեսել են մարդկանց ողբերգությունը:

«Ռիվլինին ճիշտ կլիշե էր հարկավոր, որովհետև «մենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ», պատմական կտրվածքով բարոյական անարդարության գործընկերներ ենք եղել: Վերջ ի վերջո, Ռիվլինը գիտի՝ եթե մեկ արտահայտությամբ փորձենք նկարագրել նրա բարոյական կերպարանափոխությունը, ապա դա շատ պարզ ու հասարակ արտահայտություն կլինի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների քանդվելը: Այժմ մենք կարող ենք քննարկել 1,5 միլիոն մարդկանց սպանությունը քաղաքական-դիվանագիտական իրավիճակի պատճառով, և ոչ թե այն պատճառով, որ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Այն, ինչ չթելադրեցին առողջ բանականությունը և գիտակցությունը, արեցին «Մավի Մարմարա» անունը կրող նավը և Ռեջեփ Թայիփ Էրդողան անունը կրող քաղաքական գործչի հայտարարությունները (նկատի ունի մեկ տարի առաջ իրագործված Իսրայելի հարձակումը Պաղեստին հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որի հետևանքով կտրուկ վատթարացան իսրայելա-թուրքական հարաբերությունները – խմբ)», – գրում է հոդվածագիրը:

Նա նշում է, որ բարոյական ճկունությունը մեկանգամյա դիրքորոշում չէ, որը կապված է միայն Հայոց Ցեղասպանության հետ:

«Երբ օգտագործում ենք քաղաքական նկատառումները բարոյականի փոխարեն որպես մեր քաղաքականության հիմք, ստացվում է, որ բարոյականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքականությունից բխող մի բան, նեղ ազգային շահերի լրացում», – նշում է Ալոն Իդանը: