Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն իրեն Հայ Ազգային Կոնգրեսի հետ չի նույնականացնում, և ընդդիմության հանրահավաքին նրա ներկայությունը որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` դեսպանը:
Նշենք, որ «Երկիր» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ««արմատական» ընդդիմության հանրահավաքներին ոչ միայն պարտաճանաչ մասնակցող, այլև կազմակերպիչների հետ հարթակ բարձրացող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին»:
Շմիդտի խոսքով` յուրաքանչյուր երկրում դեսպանի գործունեության մեջ է մտնում հետևել տվյալ երկրի իրադարձություններին, մանավանդ` քաղաքական, և իր ներկայությունը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին նման գործունեության մի մասն է:
Epress.am-ի հարցին, թե ինչու է դեսպանը բարձրաձել Ազատության հրապարակի հարթակ և այնտեղից հետևել հանրահավաքի ընթացքին, Հանս-Յոխեն Շմիդտն ասել է, որ իր նման քայլը պայմանավորված էր ավելի լավ տեսադաշտ ունենալու հանգամանքով, քանի որ հարթակից ավելի հեշտ է հետևել թե ելույթ ունեցողներին, թե հրապարակում հավաքված մարդկանց, այդ թվում` հասկանալ, թե որքան մարդ է ներկա հանրահավաքին: